2011 թվական. Գնահատում է արցախցի ռազմական փորձագետը. Սուրեն Սարումյան
«Հակառակորդը կրել է անհամեմատ ավելի շատ կորուստներ` յուրաքանչյուր խոցված հայ զինվորի դիմաց հատուցելով մի քանի ասկյարի կյանքով»:
Panorama.am-ը անցնող «քաղաքական տարվա» կարևորագույն իրադարձությունների փնտրտուք է սկսել: 2011-ն այս անգամ ամփոփում է արցախցի ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանը:
-Ինչպիսի՞ն էր անցնող տարին:
Ավարտվող բանակային տարին եղել է բավականին բարդ ու լարված:
-Ի՞նչ հիմնական իրադարձություններ են արձանագրվել ԼՂՀ Պաշտպանական բանակում:
2011 թվականին պլանավորված բոլոր միջոցառումները կատարվել են, կատարելագործվել է ՊԲ բանակի կազմհաստիքային կառուցվածքը, թարմացվել և արդիականացվել է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կատարվել են մեծածավալ ինժեներական աշխատանքներ, բարելավվել են զինծառայողների սոցիալ- կենցաղային պայմանները:
Տարվա ընթացքում տեղի են ունեցել բանակի մարտունակության պլանային ու հանկարծակի ստուգումներ:
Իրականացված բոլոր աշխատանքները նպատակաուղղված են եղել բանակի մարտական ներուժի բարձրացմանը: 2011թ-ին Պաշտպանության բանակը համալրվել է զրահատանկային, հրետանային, այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշներով, արդյունքում որակական նոր աստիճանի է հասցվել բանակի կրակային հզորությունը:
Իրականին առավելագույնս մոտ պայմաններում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների, այդ թվում նաև հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ անցկացված մարտավարական և հրամանատարաշտաբային զորավարժությունների, տարաբնույթ մարզումների ընթացքում ընդգրկված անձնակազմը կատարելագործել է իր մարտական-մասնագիտական հմտությունները:
-Ինչ կասեք առաջնագծում իրականացված աշխատանքերի մասին:
Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև առաջնագծում. արդյունքում ամրապնդվել են երկրի սահմանները, բարելավվել մարտական հերթապահություն կատարող անձնակազմի ծառայության պայմանները, բարձրացել է անվտանգության մակարդակը:
Առաջնագծում իրավիճակը եղել է մշտապես լարված: Հակառակորդը, կիրառելով խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ, փորձել է մշտապես ապակայունացնել իրավիճակը: Վիճակագրությունն ինքնին խոսուն է. եթե 2010 թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է հրադադարի 5340 խախտում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է արդեն հրադադարի խախտման 10397 դեպք:
Հակառակորդը կրել է անհամեմատ ավելի շատ կորուստներ` յուրաքանչյուր խոցված հայ զինվորի դիմաց հատուցելով մի քանի ասկյարի կյանքով:
Աճել է նաև առաջնագծում ականների պայթյունների թիվը, ինչը ևս ունի բավականին պարզ բացատրություն. նախորդ տարի հակառակորդին հաջողվել է իրականացնել դիվերսիոն-հետախուզական գործողություններ, այս տարի դրանք կանխարգելելու նպատակով նախատեսվել և կատարվել են մի շարք միջոցառումներ, արդյունքում` նմանատիպ գործողություններ իրականացնելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:
Լուրջ ուշադրություն է դարձվել կադրային քաղաքականությանը: Այսօր ՊԲ սպայակազմի 5 տոկոսն ունի ակադեմիական կրթություն, 46 տոկոսը` բարձրագույն ռազմական, 24 տոկոսը` բարձրագույն քաղաքացիական, 10 տոկոսը` միջնակարգ մասնագիտական կրթություն:
2011 թ. իրավապահ մարմինների հետ համատեղ կտրուկ միջոցառումներ են իրականացվել օրինապահության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ:
Նախորդ տարվա համեմատությամբ 23 տոկոսով նվազել է մահերի թիվը, 30 տոկոսով` վիրավորների թիվը, զորամասն ինքնակամ լքած զինծառայողների թիվը նվազել է 14 տոկոսով:
Կարգապահության ամրապնդումն արտացոլող ցուցանիշներից մեկն էլ եղել է կարգապահական տույժերի ու խրախուսանքների թիվը: Ծառայողական պարտականությունների օրինակելի կատարման համար խրախուսված զինծառայողները այս կամ այն պատճառով տույժ ստացածներին քանակով գերազանցում են շուրջ 4 անգամ, իսկ 40 զինծառայողներ կատարած սխրագործությունների դիմաց արժանացել են պետական պարգևների:
Լուրջ աշխատանքներ են կատարվել նաև զինծառայողների սոցիալական ապահովման ոլորտում: Հադրութի կայազորում շահագործման են հանձնվել 35 նորակառույց ծառայողական բնակարաններ: Զինծառայողներին բնակարաններ են հատկացվել նաև նորակառույց «Արցախ» թաղամասից:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան