«Մենք պարտավոր ենք որակապես նոր մթնոլորտ հաղորդել զինվոր-զինվոր, զինվոր-սպա փոխհարաբերություններում». Կոմանդոս
«Արդարացված չէ հայտարարելը, թե ցավալի դեպքեր տեղի են ունենում բոլոր երկրների զինված ուժերում: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորականի կյանք»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, թիկունքի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), անդրադառնալով բանակում արձանագրված դժբախտ պատահարներին:
Ըստ բանախոսի, Հայաստանում զոհված զինվորների մասին բարձրաձայնում են ոչ միայն ազնիվ մարդասիրական մղումով առաջնորդվող հասարակական կազմակերպություններն ու անհատները, այլ նաև արտասահմանյան գրանտների հաշվին սնվող կառույցները: «Այն միջազգային կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ են տրամադրում այդ աշխատանքի համար, համագործակցում են նաև Թուրքիայի հետ: Բայց այդ երկրի ազդեցությունը ավելի բարձր է այդ կառույցներում, քան Հայաստանի: Եվ չի բացառվում, որ հայաստանյան շուրջ տասնյակ կազմակերպություններ կատարում են այդ «առաքելությունը» նման գումարների հաշվին: Միաժամանակ նրանց կողքին կան իսկապես այնպիսի կազմակերպություններ, որոնց սիրտը ցավում է յուրաքանչյուր զինծառայողի համար: Ես ինքս 5 տարի առաջ առաջարկում էի, որ բանակը ավելի բաց դառնա հասարակության համար, որպեսզի նման դեպքերը բացառվեն», -ասաց գեներալ-մայորը:
Կոմանդոսի կարծիքով` բանակում ցավալի դեպքերի նվազեցման համար հարկավոր է համապատասխան մթնոլորտ ստեղծել ոչ միայն զինված ուժերում, այլ ամբողջ հասարակության մեջ:
«Հայկական բանակում պետք է այնպիսի կարգապահություն և ռազմահայրենասիրական մթնոլորտ տիրի, որ ծնողներն իրենց որդիներին ծառայության ուրախությամբ ուղարկեն: Տասնութ տարեկան հասակում գնալով բանակ` պատանին կոփվում է, հասունանում և դառնում է տղամարդ», - նշեց նա, հավելելով, որ այսօր Հայաստանում ավելի ցածր է հայրենասիրական- դաստիարակչական մթնոլորտը, քան Խորհրդային Միության տարիներին, ինչն իր բացասական կնիքն է թողում բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Նրա խոսքով, այսօրվա հեռուստաեթերը ողողված է ոչ թե հայրենասիրական, այլ քրեական, ժարգոնային ոճի խոսակցությամբ
«Այսօր բանակի առջև կանգնած է նաև զինվորական կարգապահության բարձացման խնդիրը, և Պաշտպանության նախարարությունն այս ուղղությամբ ծրագրեր է մշակել: Մենք պարտավոր ենք որակապես նոր մթնոլորտ հաղորդել զինվոր-զինվոր, զինվոր-սպա փոխհարաբերություններում», - նշեց Կոմանդոսը:
Խոսելով սպայական անձնակազմի մասին, բանախոսը համաձայնվեց այն կարծիքի հետ, որ ռազմական բուհեր ընդունվելուց առաջ ապագա սպաները պետք է ևս ծառայություն անցնեն որպես շարքային զինվոր: Իր անձնական կենսագրությունից նա հիշեցրեց, որ չորս տարի սովորելով Բաքվի ռազմական ուսումնարանում, 1 տարի նա սերժանտական դասընթացների է մասնակցել Գյումրիում: «Նախքան սպա դառնալը, զինվորականը պետք է իմանա, թե ինչ է ծառայությունը», -շեշտեց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան