Ա.Ղուկասյան. «Ադրբեջանում կան ուժեր, որոնք կարող են օգնել մեզ»
«Այն, ինչ այսօր կատարվում է Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում, Ադրբեջանից հայ փախստականների հարցն էֆեկտիվ լուծելու իրական հնարավորություն չի ընձեռում»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանը: Ըստ բանախոսի` ադրբեջանահայերի խնդիրը դառնում է Ղարաբաղյան կարգավորման երկրորդ բաղադրիչը:
Ըստ նրա` փախստականների հարցը ներառված է բանակցային գործընթացում, բայց գոյություն ունեցող ձևաչափը նպատակ է ունեցել կարգավորել հակամարտությունը, որտեղ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է:
«Թերությունն այն է, որ ադրբեջանահայերի խնդիրը դառնում է երկրորդ բաղադրիչ»,- նշեց Ա. Ղուկասյանը:
Խոսելով ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին` բանախոսը նշեց, որ հիմնական խնդիր է հանդիսանում Հայաստանում նոր քաղաքների հիմնումը:
Այն հարցին, թե որքանով է հավանական հայ և արդբեջանցի հասարակության միջև երկխոսությունը` Ա.Ղուկասյանը նշեց, որ այն հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի հանրության աշխարհահայացքն ազատվի գործող վարչակարգի այլատյացությունից:
«Ադրբեջանում կան ուժեր, որոնք կարող են օգնել մեզ՝ մեր մի շարք նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանում պետք է փոխվի ռեժիմ, ինչի համար պայքարում են այդ խմբերը։ Եվ մենք պետք է կարողանանք համագործակցել նրանց հետ. դա ձեռնատու կլինի Հայաստանին», - ասաց Ա.Ղուկասյանը։