Արբանյակ արձակելու ծրագրի պատճառով ԱՄՆ-ը կդադարեցնի մթերային օգնությունը ԿԺԴՀ-ին
Օբամայի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել Հյուսիսային Կորեային մթերային օգնության հատկացումը՝ ի պատասխան այդ երկրի ծրագրած արբանյակի արձակմանը: Այս մասին, «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Կոնգրեսում հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Փիթեր Լեվոյը:
Վերջինս հիշեցրել է, թե արբանյակի արձակումը, որը նախատեսված է իրագործել ապրիլի կեսերին, «փետրվարին ձեռք բերած պայմանավորվածության խախտում է»:
Հիշեցնենք, սույն թվականի փետրվարին ԱՄՆ-ի հետ Չինաստանում կայացած բանակցություններից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել էր, թե պատրաստ է սահմանափակել ռազմական և ատոմային ոլորտում իր ծրագրերի իրականացումը, ինչպես նաև դադարեցնել միջուկային փորձարկումները Միացյալ Նահանգների կողմից տրամադրվելիք սննդամթերքի դիմաց:
Արբանյակի արձակումը նախատեսված է ապրիլի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Ճապոնիան և Հարավային Կորեան ենթադրում են, թե արբանյակի արձակումն իրենից ներկայացնում է բալիստիկ հրթիռի թաքնված փորձարկում: Միջազգային հանրությունը վերջին շաբաթվա ընթացքում կոչ էր արել Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը զերծ մնալ արբանյակի ազատումից: ԿԺԴՀ-ն, իր հերթին, հայտնել է, թե այն հետապնդում է խաղաղ նպատակներ և դրա իրագործումն իր ինքնիշխան իրավունքն է: