Տ.Սարգսյան. Ազգային մրցունակության բարձրացմանն ուղղված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը հրատարակել են Հայաստանի չորրորդ ազգային մրցունակության զեկույցը` «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012. Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը» խորագրով: Զեկույցը համապարփակ ձևով լուսաբանում է Հայաստանի միջազգային մրցունակության դիրքը և կառավարման փորձը ընկերություններում: Զեկույցի նախաբանները գրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ն. Բլումը:
Ինչպես այսօր զեկույցի շնորհանդեսին նշեց Վարչապետ Տիրգան Սարգսյանը, չափազանց կարևոր ավանդույթ է ձևավորվել Հայաստանում և զեկույցի շնորհանդեսին մասնակցում են կառավարության անդամներ և այս կամ այն բնագավառում դրական և բացասական միտումների վերաբերյալ հրապարակային քննարկում են կազմակերպում: Սա , ըստ նրա, նշանակում է, որ կառավարությունը էական նշանակություն է տալիս մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը:
Վարչապետի խոսքերով` այս զեկույցը հնարավորություն է տալիս տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով տեսնել ՀՀ-ի ընդհանուր պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր մրցունակությունը:
Տ.Սարգսյանը նշեց, որ ազգային մրցունակության բարձրացմանն ուղղված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է մի նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Դրա վառ օրինակներից մեկը, նրա խոսքերով, արդյունաբերական ճյուղային քաղաքականությունն է, որը միտված է արտահանման ծավալների ավելացմանը:
Ըստ նրա` նախկինում պետությունների և կառավարությունների պարտականությունները կայանում էր նրանում, որ նրանք պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, որոնք ենք մրցակցության մեջ կայացած, ուժեղ և թույլ ձեռնարկությունները: Այսօր շեշտադրումները փոխվել են և կառավարությունները, ինչպես նշեց Տ. Սարգսյանը, իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաև միկրո մակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարությունները պետք է լինեն պրոակտիվ նաև այդ միկրո մակարդակում: «Սա նշանակում է, որ պետք է ձևավորի նոր հարթակ համագործակցության համար», - ասաց Տ.Սարգսյանը:
Նա միաժամանակ նշեց, որ տնտեսության կարգավորումը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է, ինչի համար պետությունը պարտավոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք հստակ: Այդ իսկ պատճառով, ըստ Տ.Սարգսյանի, մասնավոր հատվածի հետ ստեղծվել է մի հարթակ, որը լեգիտիմություն է հաղորդում կառավարության որոշումներին ճյուղային արդյունաբերական քաղաքականություն իրականցնելիս:
«Այդ հարթակում ձեռք են բերում հստակ պայմանավորվածություններ, որտեղ մասնավոր հատվածի և կառավարության համար հստակ է, թե ինչ գործառույթներ է իրականացնելու և ինչ պարտավորություններ է ստանձնելու կառավարությունը»,- ասաց վարչապետը` հավելելով, որ միևնույն ժամանակ այդպիսի պայմանագրերը պարտավորեցնում են մասնավոր հատվածին իրականացնել ներդրումներ և այն գործառույթները, որոնք ստանձնում են այդ պայմանագրերով:
«Սա նոր երևույթ և շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականության մեջ, և մենք այս ուղղությամբ շարժվում ենք առաջ` գիտակցելով` սա մի ճանապարհ է, որը կարող է էապես բարձրացնել մեր տնտեսության մրցունակությունը»,- նշեց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը