Ցմահ դատապարտյալների թիվը Հայաստանում ավելացավ ևս մեկով. 2 ենթասպային սպանած Բաշչկովը արտասվում էր
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպաների սպանության մեջ մեղադրվող Միխայիլ Բաշչկովի գործով դատավարությունը; Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հրապարակած վճռով, Բաշչկովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Մեղադրյալին այսպիսի պատիժ տալու համար դատարանին միջնորդել էր մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը:
Մինչև դատավճռի հրապարակումը իր վերջին խոսքում Բաշչկովը արտասվելով հայտարարեց, որ զղջում է իր կատարած արարքի համար, զգում է դրա ծանրությունը: «Խնդրում եմ, ինչ վճիռ էլ որ կայացնեք, հաշվի առեք այն, որ ես տեսնեմ իմ երեխային», դիմելով դատավորին ասաց նա:
Բաշչկովը ազգությամբ ռուս է, Հայաստանի քաղաքացի, ունի 2 տարեկան երեխա, նախկինում դատված չի եղել: Կալանավորված է 2010 թվականի նոյեմբերի 2-ից:
Մ. Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկ» ՓԲ ընկերությունից 6 000 000 դրամի չափով վարկ է վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաև բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպա Ա. Զախարյանից վերցրել է 20 000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է` պարտք մնալով 150 000 ՀՀ դրամ:
Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը և այդ առիթով վիճելով Ա. Զախարյանի հետ` Մ. Բաշչկովը պլանավորել է վերջինիս շահադիտական դրդումներով սպանությունը: Մ. Բաշչկովը, նախօրոք իմանալով, որ Ա. Զախարյանը 2010թ. հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծառայություն է իրականացնելու Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղակայված Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ռադիոկենտրոնում, հոկտեմբերի 23-ին` ժամը 00:30-ից մինչև 00:49 ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով ռազմական օբյեկտի ինժեներատեխնիկական արգելքները, ներխուժել է զորամասի տարածք, մուտք գործել ռադիոկենտրոնի շենք և մտնելով ննջասենյակ` հարձակվել է Ա. Զախարյանի վրա:
Մ. Բաշչկովը ծակող–կտրող գործիքով Արմեն Զախարյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով` սպանել է նրան: Այնուհետև նույն գործիքով սպանել է նաև սենյակում հանգստացող և այդ պահին ընկերոջն օգնության հասած ենթասպա Արթուր Ենոքյանին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Միխայիլ Բաշչկովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանելը):
Բաշչկովից նաև դատարանի որոշմամբ, պետք է բռնագանձել 5 մլն 950 հազար դրամ տուժածներից Արթուր Ենոքյանի ընտանիքին վնասը փոխհատուցելու համար:
Երբ մեղադրյալին դուրս հանեցին նիստերի դահլիճից, դատավորը դիմելով տուժածների հարազատներին, ասաց. «Համբերություն եմ ցանկանում ձեզ»: Ինչին ի պատասխան սպանված երիտասարդներից մեկի բարեկամը նկատեց. «Էդ տղեն գերեզման չի ունենալու»:
Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ կա 104 ցմահ դատապարտյալ: Օրերս, ապրիլի 22-ին, ցմահ դատապարտյալներից մեկը մահացել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները