Մուբարաքը աղերսել է իրեն թոռան կողքին հուղարկավորել
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ցմահ բանտարկության մեջ է, աղերսել է հուղարկավորել իրեն իր թոռան կողքին: Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, նման խնդրանքով նա դիմել է իր կնոջը` Սյուզանին և իր որդիներից մեկին` Գամալին:
Նախկին նախագահի թոռը մահացել է կասկածելի պայմաններում 2009 թվականի մայիսին: Ըստ մի վարկածի` նրան թունավորել են, մյուսի` ընկել է ձիուց: Պաշտոնական տեղեկատվության մեջ նշվել է, թե նա մահացել է երկօրյա հիվանդությունից հետո:
Նշենք, որ հունիսի 2-ին Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման` 2011 թվականի սկզբին զանգվածային ցույցերի մասնակիցների նկատմամբ հաշվեհարդարների համար և դատարանից անմիջապես բանտ է տեղափոխվել: Ներկա պահին Մուբարաքի առողջական վիճակը շատ ծանր է` 84-ամյա նախկին նախագահն ապրում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ: