Վիտալի Բալասանյանի ներկայացուցիչ. Արցախում ընտրություններն անցել են ազատ, բայց անարդար
Հուլիսի 19-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին գործող նախագահի գլխավոր մրցակից Վիտալի Բալասանյանի կողմնակիցները մտադիր են կուսակցություն ստեղծել: Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Բալասանյանի նախընտրական շտաբի համակարգողներից Հայկ Խանումյանը, քաղաքական նոր կուսակցություն ձևավորելու գաղափարին սատարում են հասարակական տարբեր շերտեր, և բացառված չէ, որ կուսակցությանը կմիանան նաև ԼՂՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ` ձևավորելով առանձին խմբակցություն: Նրա խոսքով` նոր ձևավորվող կուսակցության անունը դեռ որոշված չէ, այժմ նախապատրաստվում է կանոնադրությունը, իսկ նոր կազմակերպության ծրագիրը համապատասխանելու է Վիտալի Բալասանյանի նախընտրական ծրագրին: Ըստ բանախոսի` նոր ձևավորվող քաղաքական ուժը դառնալու է Արցախի իսկական և միակ ընդդիմությունը:
«Ընտրություններին նախորդող 5 տարիների ընթացքում Արցախում ընդդիմադիր ուժ չի եղել, չի եղել նաև ընդդիմադիր մամուլ», - ասաց նա, հիշեցնելով, որ 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Վիտալի Բալասանյանը սատարել էր Բակո Սահակյանին, սակայն, ըստ բանախոսի` հետագայում հիաստափություն է ապրել` մի շարք հարցերում անտարբերության պատճառով: Նա նաև ասաց, որ ընդդիմություն չի կարելի համարել Դաշնակցությանը, որը «երեք ամիսը մեկ ընդդիմադիր է դառնում»:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցիչն ասաց, որ «ընտրություններն անցել են ազատ, բայց անարդար», քանի որ Սահակյանի կողմնակիցներն օգտագործել են նաև իրենց լծակները, եղել են պաշտոնի չարաշահման դեպքեր: