Ս. Կարապետյան. Խաղողի մթերման դեպքում պետք է գործեն գյուղացու համար ընդունելի գներ
«Նախորդ տարի խաղողի մթերումները կազմակերպված անցան: Այս տարի խաղողի լավ բերք ունենք, և ես համոզված եմ, որ մթերումնները նույնքան սահուն և անխոչընդոտ են ընթանալու»,-ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խաղող մթերող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը` նախարարը ուշադրություն է հրավիրել մթերման գների և վճարման ժամկետների վրա:
«Պետք է գործեն ավելի խելամիտ` գյուղացու համար ընդունելի գներ: Ըստ ամենայնի, ժամանակին պետք է կատարվեն վճարումները: Գյուղացին պետք է զգա , որ իր աշխատանքը պաշտպանված է»,- ասել է նախարարը:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, չնայած մեկ-երկու ձեռնարկություններ, տարբեր պատճառաբանություններով, դեռևս խուսափում են ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարել, սակայն, ամբողջությամբ վերցրած, մթերումները նախորդ տարվանից ավելի արդյունավետ են ընթանում և ընթացիկ տարվա ցուցանիշները զգալիորեն գերազանցում են 2011 թվականին: