Երևանի կոնյակի գործարանը սկսում է խաղողի մթերումը. այս տարի կմթերի 24 հազար տոննա խաղող
Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) այս տարի կմթերի ոչ պակաս քան 24 հազար տոննա խաղող, ինչը 3 հազար տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին ԵԿԳ-ի Այգավանի մասնաճյուղում, սեպտեմբերի 11-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, սեպտեմբերի 20-ին՝ Բերդի մասնաճյուղում: ԵԿԳ-ն խաղողը Արարատյան դաշտավայրում կգնի 140 դրամով, իսկ Տավուշում` 130 դրամով: Ըստ Ա.Գրիգորյանի՝ Տավուշի մարզում խաղողի շաքարայնությունը ցածր է Արարատյան դաշտի խաղողի համեմատ, ինչով էլ պայմանավորված է մթերման գների տարբերությունը: «Կարևորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը՝ ԵԳԿ-ն հետևողականորեն ավելացնում է Տավուշի մարզում մթերվող խաղաի ծավալները: Մենք Տավուշի մարզում կմթերենք այն ամենը, ինչ կաճեցնեն սահմանամերձ գյուղերի բնակիչները, խաղողի ոչ մի հատիկ դաշտում չի մնալու»,- ասաց նա::
ԵԳԿ գործադիր տնօրենը նշեց, որ խաղողի գին սահմանելիս հաշվի են առել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունները: «Հռոմի պապից կաթոլիկ պետք չէ լինել, աշխարհի շատ պետություններում, որոնք շուկայական և ազատ հարաբերությունների օրրան են, շատ հստակ կանոնակարգում են տվյալ պետությունում կարևոր ճյուղերի և ապրանքների գները, սկսած՝ կաթի գնից՝ Ֆրանսիայում, ձկան գնից՝ Նորվեգիայում»,- ասաց Ա. Գրիգորյանը: