Երգիծաբան Սամվել Բաղդասարյանը «առաջադրվեց» ԱԺ պատգամավորի թեկնածու
«Քաղաքական սատիրայի միջոցով ես փորձում եմ ներկայացնել երկրում տիրող իրավիճակը: Ես ցանկություն ունեմ առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում»,-այսօր քաղաքական նոր անակնկալ սպասող լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երգիծաբան Սամվել Բաղդասարյանը: Բանախոսը նաև նշեց, որ նախապես քննարկումներ է ունեցել ճանաչված քաղաքական գործիչների, նույնիսկ ՀՀ նախկին և գործող նախագահների հետ: Բնականաբար` այդ հանդիպումները նա վերարտադրեց երգիծական ոճով և հերոսների նմանակմամբ:
Ըստ բանախոսի`քաղաքական PR-ը Հայաստանում ներկայումս «տվել անցել» է դերասանական PR-ից և դրանում համոզվելու համար կարելի է տեսնել, թե ինչ է կատարվում խորհրդարանում: Միաժամանակ, նրա կարծիքով` Ազգային ժողովում աստիճանաբար ձևավորվել է որոշակի քաղաքական մշակույթ:
Երգիծաբանի խոսքով` նա ցանկանում է հասկանալ «թե այնտեղ, ով ում բարեկամն է»: «ԱԺ-ում հավաքված են հետաքրքիր մարդիկ, այնտեղ զբաղվում են հետաքրքիր գործով և ես ցանկանում եմ օգնել նրանց այդ գործունեության մեջ»,- ասաց նա` խոստովանելով լրագրողներին, որ մոտալուտ նախագահական ընտրություններից առաջ նրա առաջադրվելը նոր որակ կհաղորդի տեղեկատվությանը և կփափկեցնի լարվածությունը:
«Բայց.. սա ընդամենը կատակ է», - հայտարարեց Սամվել Բաղդասարյանը` շեշտելով, որ ասուլիսի հրավիրելն ուներ զուտ մշակութային նպատակ` իրոք մեղմացնել քաղաքական լարված իրավիճակը և որոշ դրական էմոցիաներ հաղորդել լրատվական դաշտին:
Անդրադառնալով իր դերասանական գործունեությանը, նա նշեց, որ ի տարբերություն Ռուսաստանի կամ ԱՊՀ այլ երկրների, Հայաստանում քաղաքական սատիրան դեռ ունի պահպանման հնարավորություններ: Այս անգամ նա արդեն լուրջ վստահեցրեց, որ նախագահական ընտրություններից առաջ հանդես կգա նոր երգիծական ծրագրերով, ներքաղաքական իրավիճակը որոշակի լիցքաթափելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան