Օղակաձև այգում բացվել է Հայ բարերարների ճեմուղի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի և երևանցիների հետ այսօր մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայրենանվեր գործունեության և հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձև զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները, իսկ ճեմուղու միջնամասում տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը միության անդամների անունից շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի սրտում ճեմուղու բացման կապակցությամբ և վստահեցրել, որ նման ուշադրությունը սփյուռքի համար կարևոր ու մեծ նշանակություն ունի: