Քլինթոնը հաստատել է Թուրքիայում և Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, չնայած Ռուսաստանի առարկություններին, հաստատել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ստեղծման աշխատանքները շարունակելու մասին ԱՄՆ մտադրությունը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Մենք Թուրքիայում ռադար ենք տեղակայում, ինչպես նաև ավելացնելու ենք այլ հնարավորություններ: Մոտ ժամանակ մենք հակահրթիռային համալիրներ կտեղակայենք Ռումինիայում և Լեհաստանում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
2010թ. Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են համագործակցել ԵվրոՀՀՊ-ի նախագծի վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ի կողմից իրավական երաշխիքներ չտրամադրելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել: Դրան ի պատասխան Մոսկվան սպառնում է Կալինինգրադի երկրամասում «Իսկանդեր» ռազմավարական հրթիռային համակարգեր տեղակայել, ինչպես նաև մի շարք այլ ռազմա-քաղաքական միջոցառումներ իրականացնել:
Ներկա պահին ԱՄՆ-ի՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգերի ստեղծման նախագծերի հարցը հանդիսանում են Ամերիկայի և Ռուսաստանի միջև առկա լարվածության պատճառներից մեկը: