Էպոսագետ. «Ժառանգությունը» և իշխանությունը միասին են աշխատում
«Օլիգարխների հետ պետք է վարվել այնպես, ինչպես քաղաքակիրթ աշխարհում: Եթե երկրում կա արդար նախագահ, արդար հարկային համակարգ, օլիգարխներն էլ արդար ձևով վճարում են հարկերը»,- այսօր կայացած ասուլիսում խոսելով գալիք նախագահական ընտրություններում իր ծրագրերի և նպատակների մասին` նշեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Նրա դիտարկմամբ, եթե սնանկացվի մեկ օլիգարխ, ապա տասնմեկը Հայաստանից կհեռանան իրենց գումարներով: Իսկ օրինական դաշտ հաստատելով՝ այդ օլիգարխները կշարունակեն աշխատել Հայաստանում, որոնց կգումարվեն դրսից եկածները՝ տեսնելով, որ Հայաստանն այն պետությունն է, ուր կարելի է արդար բիզնեսով հարստանալ:
Մեկնաբանելով իր ֆինանսական միջոցների ծագման մասին մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե իրեն ֆինանսավորում են Իրանից կամ որևէ կրոնական կազմակերպություն, կամ էլ հայաստանյան իշխանությունների կողմից՝ էպոսագետը նշեց, որ այդ երեք վարկածներից իրեն մտորելու առիթ է տալիս միայն երկրորդ վարկածը:
«Ես Հայ առաքելական եկեղեցու հետնորդ եմ, մկրտվել եմ 40 օրեկան հասակում և ինձ համար Հայ առաքելական եկեղեցին հոգևոր աշխարհի կարևորագույն հենասյուներից մեկն է: Իսկ մյուս երկու վարկածերի մասին խոսելը համարում եմ անհեթեթ»,- նշեց Վ. Սեդրակյանը:
Բացի այդ, նա հակադարձեց, որ չի խոսում ուրիշների ֆինանսների աղբյուրների մասին և շեշտեց, որ, օրինակ, ոչ ոք Հայաստանում չի ստանում այնքան աշխատավարձ, որ կարող է վճարել նախագահական ընտրությունների ընտրագրավը: Դուբայում հանգստանալու և թանկարժեք մեքենաներ գնելու վերաբերյալ հարցին արձագանքեց այսպես. «Իսկ Դուբայում կարող են հանգստանալ միայն Ազգային ժողովի պատգամավորնե՞րը»:
Անդրադառնալով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ պայքարը ընտրություններում լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև, էպոսագետը նկատեց. «Նախորդ և այս ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության պահվածքը ցույց տվեց, որ ընտրություններում իրենք և իշխանությունները համատեղ են աշխատում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում