Մարտին Կարապետյանը` 2012 թվականի «լավագույն ռազմական գործիչ»
Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում Իրավունք թերթի խմբագրական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը թերթի խմբագրական խորհրդի կողմից պատվոգիր հանձնեց ռազմական ինստիտուտի պետ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանին: Թերթը նրան 2012 թվականի հաղթող է ճանաչել «լավագույն ռազմական գործիչ» անվանակարգում:
Հ. Բաբուխանյանը նշեց, որ Մ. Կարապետյանն այդ անվանակարգին է արժանացել «բազում գրագետ սպաներ նախապատրաստելու, բանակի հրամկազմի արդյունավետ սերնդափոխութան իրականացմանը նպաստելու, բանակն ուժեղացնելու և Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանվածությունը զարգացնելու համար»:
Նախքան պատվոգրի հանձնումը հյուրերը և լրագրողները ռազմական ինստիտուտի պետի ուղեկցությամբ շրջեցին մասնաշենքերում, մասնավորապես եղան ուսումնական մասնաշենքում, որտեղ նրանց ցուցադրվեց հրազենային վարժանքների սենյակը, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն լեզուների ուսուցման սենյակները և այլն:
Ինստիտուտի պետ Մ. Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսուցանվող առարկաների 70 տոկոսը զինվորական առարկաներ են, իսկ 30 տոկոսը ընդհանուր առարկաներ ու լեզուներ են: Նրա խոսքերով` այս պահին կրթություն են ստանում 1200 կուրսանտ` հրետանավոր, մոտոհրաձիգ, տանկիստ, սակրավոր և հետախույզ մասնագիտություններով:
Նա նշեց, որ կուրսանտներն ինստիտուտն ավարտելուց հետո հետբուհական կրթություն ստանում են հիմնականում Ռուսաստանում, բայց համագործակցություն կա նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ: