Ադրբեջանում հիվանդ զինվոր է մահացել, քանի որ ընտանիքը չի կարողացել նրան բանակից ազատելու դիմաց կաշառք վճարել
Ադրբեջանի բանակցում մահացած Ռաշադ Միրզաևի հայրը` Վալահադ Միրզաևը, պահանջել է պատասխանատվության կանչել շրջանի ծառայության պետ Իլգար Ալիմիզաևին, ով իր հիվանդ որդուն բանակից ազատելու համար 5000 մանաթ գումար է պահանջել (մոտ 5000 եվրո): Այս մասին հայտնում է «Qafqazinfo.az»-ը:
1990 թվականի մայիսի 12-ին ծնված զինծառայող Ռաշադ Միրզաևը 2012 թ-ի հոկտեմբերի 15-ին Սաբունչիի շրջանային զինկոմիսարիատից պարտադիր զինծառայության էր կանչվել: 52 օր ծառայությունից հետո նա մահացել է: Մահացած զինվորի հայրը պնդում է, որ մինչև բանակ զորակոչվելը իր որդին նույն ախտորոշումն է ունեցել, սակայն ընտանիքը հնարավորություն չի ունեցել վճարել 5000 մանաթ կաշառք, ինչի պատճառով էլ իրենց որդուն ապօրինաբար կանչել են զինծառայություն:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները մեծ քանակությամբ դեպքեր են հայտնում այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերում ծառայության են կանչվում հիվանդ և նույնիսկ հաշմանդամ զինծառայողներ, ում բանակում ճնշում են: Այսպես, մեկ տարվա ընթացքում զինծառայության են կանչվել Էլշադ Նովրուզովը, ով թոքերի լուրջ խնդիրներ է ունեցել, Ամիլ Ալիևը, ում մոտ ի ծնե մեկ երիկամը բացակայում էր, կամ էլ ի ծնե խուլ Էհթիյար Նադիրովը:
Հիմնականում, նմանատիպ բոլոր դեպքերում էլ կաշառքի փորձ է արվում, ու այն դեպքում, եթե ընտանիքը հնարավորություն չի ունենում վճարել, նրանց երեխաներին կանչում են զինծառայության՝ չնայած տարատեսակ հիվանդությունների:
Ընդհանուր առմամբ, համաձայն Ադրբեջանի ռազմական լրագրողների հետազոտությունների՝ «Դոկտրինա» կենտրոնի 2012 թվականին Ադրբեջանի զինված ուժերում զոհվել են ավելի քան 97 զինծառայող, որոնցից 80 %-ը ոչ մարտական պայմաններում: Ընթացիկ տարում Ադրբեջանի պետական կառույցները հաստատել են ավելի քան 18 ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին լուրերը: Նրանցից 15-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: