Մոսկվայում լույս է տեսել Հակոբ Նազարեթյանի «Ոչ գծային ապագա» մենագրությունը
Օրերս մոսկովյան «Издательство МБА» հրատարակչության կողմից տպագրվել է Հակոբ Նազարեթյանի հեղինակած «Ոչ գծային ապագա. գլոբալ կանխատեսումների մեգապատմական, սիներգետիկ ու մշակութային-հոգեբանական նախադրյալները» մենագրությունը:
Մենագրությունը հրատարակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի, Մեգապատմության և համակարգային կանխատեսումների կենտրոնի և «Ռուսասատն-2045» շարժման գրիֆի ներքո:
Գրքում հեղինակը կանխատեսման մոդելների քննարկման համար հիմնվում է ունիվերսալ պատմության (մեգապատմություն), ինչպես նաև աստղաֆիզիկայի, միկրոֆիզիկայի, սիներգետիկայի, մշակութային մարդաբանության, հոգեբանության նորագույն հայեցակարգերի վրա:
Նշենք, որ Հակոբ Նազարեթյանը ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող է, 8 մենագրությունների և շուրջ 250 հրապարակումների հեղինակ: Նա «Դուբնա» միջազգային համալսարանի և ՌԴ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսոր է:
Հակոբ Նազարեթյանը տեխնո-հումանիտար հավասարակշռության հիպոթեզի հեղինակն է: Այն ենթադրում է, որ վարքի ու մտածողության մշակութային կարգավորիչների զարգացումը կապված է տեխնիկական առաջընթացի հետ, ըստ այդմ` տեխնոլոգիաների ներուժի մեծացումը պահանջում է բարոյական ավելի բարդ սահմանափակումների մշակում, և այն հանրություննները, որոնք չեն կարողանում ժամանակին հարմարվել աճած գործիքային հնարավորություններին, խարխլում են իրենց գոյության բնական և/կամ աշխարհաքաղաքական հիմքերը: