Երևանի քաղաքապետը շարունակում է ձևեր մոգոնել. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Երևանի ավագանիում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող «Բարև Երևան» դաշինքը այսօր քաղաքապետարանի դեմ 2 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու որոշումները` տրոլեյբուսների ու մյուս փոխադրամիջոցների ուղեվարձերի սակագները բարձրացնելու մասին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Ունենալով տարբեր մասնագետների խորհրդատվությունները, վստահ ենք, որ Վարչական դատարանն ուղղակի բերված ակնհայտ խախտումների ճնշման ներքո չի կարող ընդունել այդ որոշումները», -հայտարարեց Սաֆարյանը: Նրա խոսքով, ընթացակարգային խախտումներ Երևանի քաղաքապետի կողմից, «չափազանց շատ» են թույլ տրվել:
«Այն, ինչ արել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, ուղղակի խելահեղություն է և բացարձակ կամայականություն է և դրան էլ գումարվել է Երևանի քաղաքապետի այլ կամայականություններ օրենքի դաշտում, որոնք բերել են այդ երկու որոշումներին», -հայտարարեց Սաֆարյանը` նկատելով, որ հենց այդ ամենի արդյունքում է, որ քաղաքացիական հասարակությունը միասնական է` պահանջելով վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը:
Սաֆարյանը հստակեցրեց, որ իրենք դիմել են դատարան` նկատի ունենալով այն, որ այդ որոշումները կասեցված են և հնարավոր է մի օր իրագործվեն: «Երևանի քաղաքապետը տակավին իր մտքից չի հանել այդ որոշումներից հրաժարվելու հարցը և շարունակում է ձևեր մոգոնել իր իրավական կամայականություններին օրինականություն հաղորդելու համար», -հավելեց Սաֆարյանը: