Տոմսկի գործարարները ցանկանում են համագործակցել հայ գործարարների հետ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Երևանում այսօր կազմակերպվեց ՌԴ Տոմսկի նահանգի և Հայաստանի գործարարների հանդիպում՝ կոնտակտների բիրժա թեմայով։ Հանդիպման շրջանակներում Տոմսկից Հայաստան ժամանած գործարարները հայ գործարարների հետ քննարկեցին համագործակցության զարգացման նոր հնարավորությունները և արդեն առկա գործարար կապերի ամրապնդման ուղիները:
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանի խոսքերով` ռուս գործարարները Հայաստանում են` հենց այստեղ ծանոթանալու համագործակցության նոր հեռանկարներին: Իսկ հեռանկարներ, ըստ նրա, տեսնում են և հայկական, և ռուսական կողմերում: «Կոնկրետ Տոմսկի հետ համագործակցության առումով դեռ շատ անելիքներ և չօգտագործված ներուժ կան հատկապես բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, մի շարք ծառայությունների ոլորտներում: Կարծում եմ, որ հաջողություններ կունենանք նշված ոլորտներում համագործակցության զարգացման առումով»,- ասաց Կ.Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ կազմակերպվել է տեսակոնֆերանս, որի ժամանակ ռուս գործարարներին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերությունը: Դրանից հետո մի շարք հայտնի կազմակերպություններ ցանկություն են հայտնել համագործակցել հայ գործարարների հետ:
Հարցին, թե որն է Հայաստանում նոր բիզնես սկսելու առանձնահատկությունը, Կ.Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանի առավելությունը առաջին հերթին կայանում է նրանում, որ «մենք ունենք գրագետ և պատրաստված աշխատուժ»: «Յուրաքանչյուր նոր բան մենք արագ են սովորում, իսկ դա լուրջ առավելություն է»,- նշեց նա:
Ըստ Կ.Մարտիրոսյանի` լուրջ արդյունքներ է սպասում այս հանդիպումից:
«Այսպիսի հանդիպումներ մենք շատ ենք կարևորում, քանի որ սա առիթ է, որ մեր գործարարներն առանց լուրջ դժվարությունների կարողանան միանգամից շփվել կոնկրետ իրենց հետաքրքրող ոլորտների ներկայացուցիչների հետ և հետագայում նաև համագործակցել, եթե ընդհանուր շահեր լինեն»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ռուսաստանցի գործարարները սեպտեմբերի 11–ին կլինեն Վանաձորում՝ գործակցելու Լոռու մարզի գործարարների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց