Շ.Քոչարյան. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար
«Կառավարության դիրքորոշումն այս հարցում հետևյալն է` ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար: Խոսքը վերաբերում է դե-յուրե ճանաչմանը, որովհետև դե-ֆակտո ՀՀ-ն վաղուց ճանաչել է ԼՂՀ անկախությունը, մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ»,- Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ գոյություն ունեն շուրջ 100 պայմանագրեր, որոնք կարգավորում են տարբեր դաշտերում ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները.
«Բնական է, բոլորիս նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը և այդ նպատակը հետապնդում է նաև ՀՀ-ն բանակցային գործընթացում: Եվ մենք ամենևին էլ ոկղմ չենք, որպեսզի ճանաչելով մնանք միայնակ,ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում: Դա ամենևին չի նպաստի բանակցային գործընթացում այն արդյունքին, որին մենք ձգտում ենք»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը:
Մատնանշելով նրան, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, փոխարտգործնախարարը նշեց, որ այն հանգամանքը, որ առաջընթաց չկա, պայմանավորված է միայն Ադրբեջանի դիրքորոշմամբ.
«Եվ քանի դեռ այդ դիրքորոշումը այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս-քվոն` այնքան ժամանակ, քանի Ադրբեջանում խելքները գլուխը չհավաքեն, դադարեն հակահայ հայտարարությունները, միլիտարիստական հայտարարությունները, որոնք որևէ մեկին չեն վախեցնում, դադարեն աղավաղել պատմությունն ու միջազգային իրավունքը»,- նշեց նա:
«Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, անթաքույց երազանքն է և ինքն ամեն ինչ անում է, որպեսզի խոսվի, թե անարդյունավետ է ՄԽ-ն»:
Բանախոսի կարծիքով, Ադրբեջանը տապալում է բանակցային գործընթացը, որեսզի ձևաչափը վերանայելու կարիք լինի:
«Հասկանալի է, թե ինչու է դա անում... Խնդիրը ամենևին էլ նրանում չէ, թե մենք վախեցած ենք պատերազմից. ցանկացած մարդ երբեք չի ձգտի պատերազմի, եթե դա հայրենիքի պաշտպանությունը չի... այդ տեսանկյունից ներկա փուլում ճանաչումը առիթ է Ադրբեջանի համար ձերբազատվել ՄԽ ձևաչափից»,- թվարկեց Շ.Քոչարյանն ու հավելեց, որ կարծում է, թե Հայաստանի Ազգային Ժողովը չպետք է այդ հնարավորությունն ընձեռի Ադրբեջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան