Երևանի այլընտրանքային «Ye» լոգոն կներկայացվի հանրությանը. «Այն շատ լավ հակակշիռ կարող է ստեղծել»
Կիրակի օրը` ժամը 15:00-ին, Սիրահարների այգում տեղի կունենա Երևանի ոչ պաշտոնական, այլընտրանքային «Ye» լոգոյի հանրային ցուցադրումը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց լոգոյի հեղինակ Արարատ Մկրտչյանը:
Միջոցառման ընթացքում հնարավորություն կլինի ծանոթանալ տարբերանշանին, ստանալ նվերներ, տեղեկանալ վերջին նորություններին և լուսանկարվել Ye տարբերանշանով: «Մեզ հեշտ կլինի գտնել, քանի որ նույնիսկ հեռվից կլսեք երաժշտություն, որը կապահովի NEWMAN-ը»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Արարատ Մկրտչյանը տեղեկացրեց, որ առաջին նպատակը տարբերանշանը տարածելն է. «Մարդիկ կարողանան որակով ու հասանելի լոգո օգտագործել: Այս դեպքում դրա պաշտոնական կամ ոչ պաշտոնական կարգավիճակն էական չէ»:
Նա նշեց, որ կա «Երևան բռենդ» ծրագիրը, որը շատ ավելի մեծ խմբով է արվում: «Այն ավելի մեծ ու կոմպլեքս նախագիծ է, հիմնված ոչ թե կոնկրետ մի սիմվոլի, այլ սիմվոլների հավաքածուի վրա, ու դրա օգտագործումն ավելի նեղ մասնագիտացված շրջանակներում պետք է լինի, իսկ «Ye»-ն այլընտրանք է, դրա օգտագործումը շատ ավելի պարզ է, ու բոլոր այն դեպքերում, երբ կարիք չկա ավելի մեծ ու ծավալուն լուծումների, այն շատ լավ հակակշիռ կարող է ստեղծել»,- ասաց դիզայները:
Հիշեցնենք, որ Երևանի այլընտրանքային «Ye» տարբերանշանը տարածվեց այն ժամանակ, երբ քաղաքի տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը հրապարակեց Էրեբունի-Երևանի տարբերանշանն ու խորագիրը: «Իմ սրտի ուղեկից» խորագրով կազմակերպված միջոցառման տարբերանշանը հրապարակելուց ժամեր անց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեցին ծաղրանկարներ, որոնք արտահայտում էին մարդկանց դժգոհությունը:
Պարզվեց, որ դժգոհ դիզայներներից ոմանք մինչ ընտրված լոգոն, քաղաքապետարանի իսկ խնդրանքով, լոգոյի մի քանի տարբերակ են նկարել երկու օրում ու ներկայացրել: Դիզայներ Վահան Բալասանյանը հրապարակեց նյութ, որտեղ պատմում էր, որ քաղաքապետարանը angry designers club-ին խնդրել է անել լոգո, նրանք լրիվ անվճար սարքել են, քաղաքապետարանն ընտրել է մեկ ուրիշ լոգո ու այս դիզայներներին հայտնել, որ ուրիշն է անում:
Այս պատմությունից հետո «Ֆեսյբուքում» ֆլեշ-մոբ սկսվեց, օգտատերերից շատերը իրենց էջում որպես գլխավոր նկար տեղադրեցին դիզայներների առաջարկած լոգոներից մեկը՝ «Ye»-ն: Ակցիան բավական մեծ ալիք ստացավ ու տարբերանշանը տարածվեց:
Նախորդիվ`
Հավելված` անդրոիդների համար. Կարելի է լուսանկարվել և վրան տեղադրել Երևանի այլընտրանքային` Ye լոգոն