Թուրք պատգամավորը հայտարարել է, թե Էրդողանի վարչակազմը պատրաստվում է ընդունել ցեղասպանությունը
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը, ելույթ ունենալով խորհրդարանում, քննադատության է ենթարկել արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին Հայաստան կատարած այցի համար: Պատգամավորին խիստ զայրացրել է Դավութօղլուի խոսքերն այն մասին, թե 1915-ին իրականացված տեղահանությունն անմարդկային և սխալ արարք է եղել երիտթուրքերի կողմից:
«Դու ֆրանսիացի նախարա՞ր ես ինչ է, միջնո՞րդ ես: Դու թուրքական կողմի շահերը պաշտպանող պաշտոնյա՞ ես, թե՞ ինչ: Փոխանակ բացատրես, թե այդ տեղահանության թեմային ինչպես է նայում թուրք ազգը, դու «անմարդկային արարք» ես բնորոշում դա: Հանցագործության մասին այդ ակնարկով դու թուրք ազգի անցյալն ես վաճառում: Հասկանալի է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պատրաստվում է ճանաչել ցեղասպանությունը: Այո, այդ խոսքով դուք հայերին արադարացի եք դարձնում ու օրինականացնում նրանց պնդումները: Փաստորեն Թուրքիան արդեն հրաժարվել է պաշտպանությունից և հանձնվելու համար պատրվակ է փնտրում»,- ըստ «Անադոլու» լրատվական գործակալության` դժգոհություն է հայտնել Օքթայ Վուրալը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի ԱԶԿ-ական իշխանությունները պատրաստվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը և 200 հազար հայերի վերադարձնել ու հողեր հանձնել: Վուրալը, ժխտողական քաղաքականությանը տուրք տալով, դարձյալ պնդել է, որ նախորդ դարասկզբի տեղահանությունն իրականացվել է բացառապես անվտանգության նկատառումներով և էթնիկ բնույթի ոչ մի պատճառ չի ունեցել: