«Նախագահների մակարդակով հանդիպումները անհրաժեշտ են ստատուս-քվոյի պահպաման գործում»
«Տրամաբանական է, որ համանախագահների գործն ու պարտականությունն է շարունակել բանակցային գործընթացը, իսկ դա առանց համանախագահների տարածաշրջանային այցերի հնարավոր չէ»,- անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանագահների տարածաշրջանային այցին, ինչպես նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` «Թուրան» գործակալությանն ու «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում արված շեշտադրումներին` panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների նոր հանդիպման անցկացման անկնկալիքների մասով` քաղաքագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակում նման հանդիպումերի անցկացման հիմնական նպատակը բանակցային գործընթացի շարունակականության ապահովումն ու ստատուս-քվոյի պահպանումն է. «Նախագահների մակարդակով հանդիպումները անհրաժեշտ են ստատուս-քվոյի պահպանման գործում»:
«Եթե մենք ուզում ենք ապահովել բանակցային գործընթացի շարունակականություն, հետևաբար` առնվազն ո՛չ պատերազմ ո՛չ խաղաղություն իրավիճակի պահպանում, ապա նախագահների մակարդակով հանդիպումները անհրաժեշտ են: Իհարկե, այդ հանդիպումները դժվար թե բեկում մտցնեն բանակցային գործընթացում, սակայն կարևոր դեր ունեն ստատուս-քվոյի պահպանման հարցում»,- ասաց Ս. Մինասյանը:
Ինչ վերաբերում է Ջեյմս Ուորլիքի այն դիտարկմանը, թե «ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել» ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ապա ըստ քաղաքագետի, այն որևէ կերպ չի հակասում հայկական կողմի դիրքորոշմանը:
«Այդ հայտարարությունը ընդհանուր առմամբ որպես վերջնական նպատակ համընկնում է հայկական մոտեցման հետ, որովհետև հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե Թուրքիան առանց նախապայմանների կարգավորի Հայաստանի հետ բոլոր հարցերը, բացի սահմանը, ապա մի գուցե հնարավորություն կունենա իր լուման ներդնել երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցում: Հակառակ պարագայում` պաշտոնական Անկարան ոչ միայն ԼՂ հիմնահարցի, այլև հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների մասով մեկուսացված կլինի»,- ասաց Ս. Մինասյանը:
Բանախոսը համակարծիք է Ամերիկացի համանախագահի հետ այն հարցում, որ ռազմատենչ հռետորաբանությունը նվազել է: Ինչ վերաբերում է նրան, որ նման հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը շփման գծում շարունակում է իր ռազմական սադրանքները, ապա դրանք ըստ փորձագետի, Ադրբեջանի զինված ուժերում անվերահսկելիության պայմաններում կարող են տեղի ունենալ կենտրոնական իշխանությունների ցանկություններից անկախ: