Առաջին աշխարհամարտի 100-ամյակի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպելու է գիտաժողով
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 20-22-ը Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է«Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով: Այն կազմակերպվում է Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի կապակցությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների զարգացման վերաբերյալ անհայտ աղբյուրներին, ռազմական գործողությունների թատերաբեմում փախստականների առկայությունը և պատերազմական իրավիճակում Օսմանյան կայսրության և նախկին Ռուսական կայսրության տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման դրվագներին:
Կովկասյան ռազմաճակատը, հանդիսանալով հետնաբեմային պատերազմի եվրոպական թատերաբեմի նկատմամբ, որտեղ ծավալվում էին որոշիչ, լայնածավալ ռազմական գործողություններ, սակայն մոտ լինելով մերձավորարևելյան ճակատին, կենտրոնացրել էր բավականին մեծ ռազմական ռեսուրսներ և ներուժ` ըստ այդմ ունենալով որոշակի դեր ու նշանակություն պատերազմի վերջնական ելքի վրա:
Երիտթուրքական կառավարությունը, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց նախապես ծրագրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաև Կովկասի և Հյուսիսային Իրանի որոշակի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց տարածաշրջանի հույն, ասորի և եզդի բնակչությունը:
Կովկասյան թատերաբեմի պատերազմական գործողությունների ընթացքում հումանիտար օգնության և փախստականների հարցերն առանցքայիններից էին, քանի որ այստեղ էին կենտրոնացել թուրքական ջարդից փրկված մեծ թվով փախստականներ, ովքեր գաղթել էին նահանջող ռուսական զորքերի հետ: Հումանիտար ճգնաժամի պայմաններում գործում էին բազմաթիվ հայկական, ռուսական և ամերիկյան մարդասիրական կազմակերպություններ (Ռուսաստանյան քաղաքների երկրային միություն, Ռուսական Կարմիր խաչ, Տատյանինյան կոմիտե, Ամերիկյան նպաստամատույց և այլն) :
Գիտաժողովի ընթացքում դիտարկվող հարցերը ներառում են հետևյալ թեմաները`
• Պատերազմ և ցեղասպանություն
• Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ
• Զինվորական լուսանկարիչները և “մոռացված պատերազմի” Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը
• Պատերազմը և գիտությունը. հնագիտական և ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում
• Հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության
• Ռազմագերիների և անհայտ կորածների կարգավիճակը և ճակատագիրը
• Պատերազմը և կամավորական շարժումը
• Մարդասիրական օգնությունը և փախստականները
• Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում