Արա Առուշը Բրյուս Լիի մասին պատմող ֆիլմով ուզում է օգնել երիտասարդներին
Հաջորդ տարվա փետրվարին մեծ էկրան է բարձրանալու արևելյան մարտարվեստների վարպետ Բրյուս Լիին նվիրված ֆիլմը՝ ներկայացված էքշըն և կատակերգության ժանրով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արա Առուշը (Առուշանյան):
«Բրյուս Լին հայտնի է ողջ աշխարհում: Նրա գաղափարախոսությունն ազդում է երիտասարդների վրա, որպեսզի ճիշտ մտածեն: Իր կերպարով, մտածելակերպով ու գաղափարախոսությամբ նա շատ լավ օրինակ է երիտասարդների համար: Նրա գաղափարախոսությունն օգնում է երիտասարդներին, որպեսզի ճիշտ մտածեն, ճիշտ քայլեր կատարեն, օգնում է անհատի ձևավորմանը: Այս ֆիլմով հենց այդ նպատակն ենք հետապնդում»,- ասաց ֆիլմի ռեժիսորը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշում կայացվեց հենց Բրյուս Լիի մասին ֆիլմ նկարահանել:
Այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Ա. Առոշը հայտնեց, որ իրենց օգնում է նաև Բրյուս Լիի կինը՝ «Բրյուս Լի» հիմնադրամի նախագահ Լինդա Լին:
«Նա օգնում է մեզ, հետաքրքրված է այս ֆիլմով, քանի որ ֆիլմի միջոցով մարտարվեստների վարպետի գաղափարախոսությունը շարունակելու է ապրել: Մեզ օգնում են նաև այն մարդիկ, ովքեր կապ են ունեցել Բրյուս Լիի հետ»,- ասաց Ա. Առուշը:
Ֆիլմի գլխավոր դերակատարը 14-ամյա Միխայիլ Դոկինինն է։ Նա բնակվում է Ստեփանակերտում, զբաղվում է արևելյան մարտարվեստներով։ Ա. Առոշը վստահ է, որ նա մեծ ապագա է ունենալու այդ մարտարվեստում, ու նրա անունը դեռ լսվելու է.
«Միխայիլ Դոկինինը շատ ֆիլմերում դեռ կնկարահանվի»:
Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, նաև՝ Բուրան պրոդյուսերական կենտրոն, «Քյոնինգ արտս» և «Առուշ բրադերս» ընկերությունների օգնությամբ:
Ի դեպ, նշենք, որ ռեժիսոր Արա Առուշի «Որսորդը» ֆիլմն ընդգրկված է Մանհեթենի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Փառատոնը տեղի է ունենալու փետրվարի 28-ից մարտի 2-ը։
Բրյուս Լին (1940 - 1973)՝ արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ։ Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը։ Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով։ Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին։ Այդ ժամանակներից սկսած նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով։ Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման։ Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում։ Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 33 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ