Աղասի Այվազյանի 90-ամյակին ընդառաջ (լուսանկարներ)
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի 90-ամյակը լրանալու է 2015 թվականին: «Աղասի Այվազյան հիմնադրամը» արդեն սկսում է նախապատրաստական աշխատանքները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սիրանուշ Նազլուխանյանը:
Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը դիմում է պրոդյուսերներին, թատրոնի և կինոյի ռեժիսորներին` բեմադրելու Աղասի Այվազյանի հետևյալ ստեղծագործությունները`«Լացի այգին» պիեսը, «Ալեքսանդր և Կամիլլա» կինոսցենարը «Պոեմ վասն շենքի և շինության» վեպի հիման վրա (նվիրված ճարտարապետ Ա.Թամանյանին ) «Տնանկների միջազգային համաժողով» կինոսցենարը «Ամերիկյան աջաբսանդալ» վեպի հիման վրա:
«Այս ստեղծագործությունների ընտրությունը կապված է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ»,- ասաց նա:
Ս. Նազլուխանյանը նշեց, որ սպասում են նաև արտերկրում գործունեություն ծավալող դերասանների, թատերախմբերի, ռեժիսորների արձագանքներին:
Հիմնադրամի մամուլի պատասխանատուն նաև հայտնեց, որ հիմնադրամը դիմում է պետական հաստատություններին (մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Գրողների միություն), կազմակերպություններին, գրական ակումբներին, մտավորականներին՝ ներկայացել առաջարկություններ համատեղ իրականացնելու գրողի 90-ամյակին նվիրված միջոցառումները.
«Մենք քննարկելու ենք բոլոր առաջարկությունները»:
Նրա խոսքով, առաջիկայում նախատեսում են իրականացնել տարբեր ծրագրեր: Ծրագրերի թվում է նաև Ա. Այվազյանի տուն-թանգարանի ստեղծումը:
«Աղասի Այվազյանը թողել է մեծ ժառանգություն: Նրա կինը ցանկանում է այն ամբողջությամբ ներկայացնել հասարակությանը»,- ասաց Ս. Նազլուխանյանը:
Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը ծնվել է 1925 թ. Վրաստանի Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81-ին` «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968-ի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը, որը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակի:
Ա. Այվազյանը գրել է ավելի քան 20 գիրք, որոնց թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բուլղարերեն, լիտվերեն, չեխերեն, ռումիներեն, առանձին գործեր լույս են տեսել ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն:
Նկարչական գործերը ցուցադրվել են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Նկարչի տանը` մի ինքնանկարի ցուցահանդեսում, «Գրողները` նկարիչ և նկարիչները` գրող» և բազմաթիվ այլ ցուցահանդեսներում:
Ի թիվս գրական մրցանակների` ստացել է ՀԽՍՀ Պետական և ՀՀ նախագահի մրցանակները, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց - Սահակ Պարթև» շքանշաններով:
Աղասի Այվազյանը հայ նորագույն արձակի նշանավոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում միահյուսված են սովորականն ու անսովորը, հեքիաթայինն ու խորհրդավորը: Այվազյանի բոլոր հերոսները ճշմարտություն որոնողներ են:
«Արվեստագետի համար ժամանակը երբեք չի փոխվում, արվեստագետը միշտ մարգինալ է, օտարված է: Շատ քիչ են այն արվեստագետները, ովքեր նորմալ կյանք են ունեցել: Արվեստագետի կյանքը միշտ դժվար է եղել, իսկ հայ արվեստագետինն առավել դժվար է: Եվ պատահական չէ, որ մերոնք էսպես դուրս են գնում՝ Ամերիկա, Ֆրանսիա, Չեխոսլովակիա՝ տարբեր տեղեր իրենց դրսեւորելու համար, որովհետեւ մեր հնարավորությունները շատ փոքր են… Ի՞նչ ասեմ, այսօր ավելի շատ ազատություն կա, քան առաջներում: Նոր սերունդ է գալիս՝ երիտասարդներ, ովքեր արդեն գրքեր են տպագրում, սովետների ժամանակ տպագրությունը շատ դժվար բան էր, հիմա պրոբլեմ չկա, եւ բոլորը գրում են, ավելի ակտիվ են: Ես լավ եմ տրամադրված Հայաստանի այս ժամանակի նկատմամբ, որովհետեւ երազել եմ Հայաստանի անկախությունը, ազատությունը: Թեպետ Սովետի ժամանակ ես ինչ-որ բանի հասա կարծես՝ ֆիլմեր էի նկարահանում եւ գանգատվել չէի կարող անձնական կյանքից, բայց մեծագույն նպատակն իմ խառնվածքի մարդու համար ազատությունն է, առավել եւս՝ արվեստագետի համար պատվերով սուտը խղճի դեմ է, Աստծու դեմ է: Մենք ապրում էինք սուտ երկրում, սուտն իշխում էր եւ սարսափելի էր»,-ասել է Աղասի Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ