Գրիգոր Սաղյան.Կիբեռհարձակման ենթարկված հայկական կայքերն ամբողջությամբ վնասազերծված են
«Ադրբեջանցի հակերները փոփոխության են ենթարկել «Էյ-Դի-Սի» ընկերության կողմից գրանցված 238 դոմենային անվանումների գրառումները, հափշտակել տվյալ ընկերության կառավարումն ապահովող դոմենային անունն (ns1.adc.am) ու տեղադրել այն Ադրբեջանում գտնվող համակարգչի վրա»-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Համակարգչային պատահարներին արձագանքող թիմի ղեկավար Գրիգոր Սաղյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կիբեռհարձակման ենթարկված հայկական կայքերն ամբողջությամբ վնասազերծված են: Իսկ այսօր երեկոյան վերջնականապես կլուծվեն բոլոր խնդիրները, քանի որ որոշ սերվերներում ժամանակավոր հիշողության մեջ պահպանվում է հին տեղեկատվություն և մի շարք օգտվողների մոտ դեռևս պատկերվում է կիբեռհանցագործների դրած տեղեկատվությունը:
OWASP Հայաստանի հիմնադիր Վահագն Թուխարյանն էլ ավելացրեց, որ անհրաժեշտ է անընդհատ ստուգումներ անցկացնել կայքերի խոցելիության վերաբերյալ: Իսկ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում կայքերի 75%-ը խոցելի են: