Հ.Դեմոյան. Մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանը facebook-յան իր էջում մի քանի դիտարկում է արել Գառնիի հնավայրի տարածքում սրճարան կառուցելու հարցի շուրջ: Ըստ Հ.Դեմոյանի` նման գաղափարի ծնունդն ու այն համառորեն առաջ տանելը ոչ միայն զարմացնում ու ապշեցնում է, այլ նաև լուրջ մտավախություն է առաջացնում այն առումով, որ մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել: Գառնիի դեպքը բնավ էլ շարքային դեպք չի, ուստի դրա դեմը պետք է առնել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով: Նա նաև մի քանի կետերով անդրադառնում է այդ հարցին.
«Գառնիի հնավայրի տարածքում ցանկացած շինության կառուցում վտանգում է հնագիտական թե պեղված և թե չպեղված շերտերը: Ավելին, սխալ եմ համարում նաև հնավայրի տարածքում դեռ 2001 թ. կառուցված ջրավազանի առկայությունը: Դա ևս մեծ վնաս կարող է հասցնել հնավայրի չպեղված հատվածներին:
Նույնիսկ հնագիտության մասին մակերեսային պատկերացում ունեցողները հասկանում են, որ սրճարանի համար ընտրված վայրը ընդամենը ութ մետր հեռավորության վրա գտնվելով անտիկ շրջանի բաղնիքից և կառուցվելու է վերջինի համեմատ մոտ չորս մետր բարձրության վրա: Սա նշանակում է, որ սրճարան կառուցելու դեպքում վտանգվելու է ուշ միջնադարից մինչև նեոլիթի դարաշրջանին վերաբերող մշակութային շերտը:
Հնավայրի տարածքում ամեն կերպ զբոսաշրջիկ պահելու և նրանից ինչ որ գումարներ ստանալու հիմնավորումները որևէ քննություն չեն բռնում: Պարզ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ Գառնիի հնավայր այցելողները տուրիստական սեզոնի ընթացքում օրական ապահովում են 1000-ից մինչև 1500 ԱՄՆ դոլար եկամուտ, ինչն այնքան էլ քիչ գումար չի և լիուլի բավարար է տարածքը բարեկարգելու համար:
Անհրաժեշտ է նաև տեղափոխել ամրոցի մուտքի մոտ տեղադրված անճաշակ ու տեղավայրին ոչ հարիր տոմսարկղի լամինատե կրպակը»,- գրառել է Հ.Դեմոյանը: