Որտե՞ղ է քնած նախարարությունը, երբ հիմա էլ երեխայի խնամքի նպաստներն են ուշացնում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա տարեսկիզբն, ինչպես ասում են, չեկավ. փետրվարի սկզբին գերատեսչությունը քննադատության արժանացավ, քանի որ ուշացրել էր «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների նպաստների վճարման գործընթացը, ինչը ձմռան ամիսներին բավականին լուրջ խնդրի առաջ էր կանգնեցրել սոցիալապես անապահով բազում մարդկանց: Եվ ահա նոր քննադատության ալիքը` այս անգամ նախարարությունը զլացել է ժամանակին վճարել երեխայի խնամքի ամենամսյա նպաստը:
Facebook սոցիալական ցանցի միջոցով օգտատեր Օֆելյա Կամավոսյանը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանին.
«Չնայած նախարարի ու նախարարության ներկայացուցիչների մշտական հավաստիացումներին, թե նպաստների ցուցակներն անմիջապես պատրաստ են լինում, և անգամ ամսվա վերջին դիմումներն արդեն հաջորդ ամսվա սկզբին ընդգրկված են լինում ցուցակներում, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ Է: Մարտի սկիզբն է, բայց դեռ չենք ստացել երեխայի խնամքի ամենամսյա նպաստը հունվար ամսվա համար:
Ավելին, Նոր Նորքի ստորաբաժանման ներկայացուցիչն ինձ համոզում էր, որ ես դիմումը ներկայացրել եմ փետրվարի 11-ին, այն դեպքում, երբ դիմումիս տակ իմ ձեռքով եմ նշել հունվարի 8, մեկ այլ բաժանմունքում լրագրող Ազնիվ Կարապետյանին վախեցրել են (իհարկե, մինչև իմանալը, որ լրագրող է), թե հնարավոր է չստանա հունվարի նպաստը:
Է հետո՞, բա եղա՞վ: Ստացվում է մամուլի ասուլիսներին բավականին բարձր մակարդակով ստել են մեզ: Եվ հետո դեռ զարմանում են, որ մարդիկ չեն հավատում և բողոքում են կենսաթոշակային տխրահռչակ ռեֆորմից:
Եթե իրավունքի համար կռիվ տվող լրագրողներն են նման խնդիրների բախվում, պատկերացնում եմ մյուս մամաների գլխին ինչ են բերում»,- մասնավորապես գրառել է իր բողոքը Օ.Կամավոսյանը:
Ի պատասխան գրառմանը Հասմիկ Խաչատրյանն արձագանքել է, թե խնդիրներ են եղել, բայց ճշտված ցուցակներն արդեն ուղարկվել են վճարման.
«Եթե հանկարծ որևէ մեկը խնդիր ունեցավ, խնդրում եմ անմիջապես իմաց տաք ինձ: Եթե չունենաք էլ, գրեք, որ ամեն ինչ ուղղվեց»,- ավելացրել է նա:
Panorama.am-ը փորձեց տեղեկանալ ցուցակների ճակատագրի մասին և հասկանալ` այս անգամ նախարարությունից ճշգրիտ տեղեկատվություն են տրամադրել, թե հերթական անգամ ժամանակ շահելու գործընթաց է:
Ի վերջո, հիշեցնեմ, երբ մեկ ամիս առաջ հրապարակեցինք «Փարոս» համակարգի նպաստների ուշացման մասին, Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը Panorama.am-ին հավաստիացրեց, թե «արդեն սկսել են վճարել», մինչդեռ այդ վստահ ու կարևորը` պատասխանատու պաշտոնյայի պատասխանից հետո ևս մի տասը օր անց խմբագրություն դիմած քաղաքացին նոր կարողացավ ստանալ նպաստը: Այնպես, որ հարցադրումը` գուցե հիմա էլ նույն վիճակն է, լիովին տեղին է:
Ինչպես ասում են` չսխալվեցինք: Նոր Նորքի ստորաբաժանումից, ուր դիմել էր նաև քաղաքացին, Panorama.am-ին ասացին, որ նպաստների ցուցակներ չեն ստացել` չունեն: Թե նպաստը, երբ կստանան քաղաքացիները հարցին, բնական է, որևէ մեկը պատասխանել չի կարող: Մինչդեռ հիշեցնենք, որ խոսքը հունվար ամսվա նպաստի մասին է, իսկ այսօր արդեն մարտի 3-ն է:
Տեղին է հրապարակումն ավարտել մեկ այլ օգտատիրոջ գրառմամբ, որն իսկապես արտացոլում է իրականությունը.
«Այսօր ՀՀ-ը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ չի կարողացել 2014 թ-ի հունվար ամսի նպաստները տալ ու մեր շատ-շատ քաղաքացիների տները հոսանքազրկել են, բացի դրանից չեն կարողանում տալ նորածինների համար նախատեսված միանվագ գումարները, շուտով չեն կարողանալու կենսաթոշակ էլ տալ, իսկ մենք դրած մտածում ենք, թե Ուկրաինայում ինչ կլինի, արդյոք հեղափոխությունից հետո ի վիճակի կլինի վճարել կենսաթոշակները և այլն: Եկեք մտածենք մեր մասին: Ուզում եմ իմանալ նախարարներին ու պատգամավորներին աշխատավարձ տվել են, թե ոչ...»:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մեկն ասաց, որ այս տարի աշխատավարձի ուշացում չի եղել:
Նախորդիվ`
Գրավոր, թե բանավոր` լրագրողը նախարարության ընկերուհին չէ