Հայաստանում գործում է 19 ինտեգրացված սոցիալական կենտրոն
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» հրավերով Հայաստանում ուսումնասիրություն է իրականացնում Սոցիալական պաշտպանության հարցերով իռլանդացի միջազգային փորձագետ Ջերի Ֆիցպատրիկը:
Նա ունի քաղաքացիական ծառայության համակարգում 27-ամյա աշխատանքի փորձ, որից 19 տարի ուսումնասիրել ու գնահատել է սոցիալական ապահովության համակարգը 16 տարբեր երկրներում:
Ջերի Ֆիցպատրիկը աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`ուսումնասիրելով ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների գործունեությունը: Նրա խնդիրն է բացահայտել ինտեգրված ծառայությունների ուժեղ և թույլ կողմերը` առանձնացնելով վերջինների կառավարման թերությունները, մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսների զարգացման բացթողումները և մշակել առաջարկությունների փաթեթ` ծառայությունների առավելագույն արդյունավետությունը ապահովելու նպատակով:
Լրագրողների հետ զրույցում Ջերրի Ֆիցպատրիկն ասաց, իր նպատակն է ուսումնասիրել սոցիալական ծառայությունների ոլորտում իրականացվող բարեփոխումները և վեր հանել ոլորտում առկա թերություններն ու առավելությունները:
Նա նշեց, որ արդեն Հայաստանում գործում են ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոններ, որոնց նպատակն է ընդլայնված և խորացված սոցիալական ծառայություններ մատուցել մարդկանց:
«Մեր նպատակն այն է, որ մարդիկ ստիպված չլինեն տարբեր ծառայություններ ստանալու համար դիմել տարբեր գերատեսչությունների, այլ ինտեգրացված կենտրոնների միջոցով լուծեն իրենց բոլոր խնդիրները»,- ասաց նա:
Նշվեց նաև, որ Հայաստանում արդեն գործում է 19 ինտեգրացված սոցիալական կենտրոն, սակայն դրանց թիվը առաջիկայում կավելանա:
Հավելենք, որ Ջերի Ֆիցպատրիկն այսօր դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացնելով սոցիալական ապահովության ոլորտում միջազգային փորձը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան