«Մեր ժողովուրդների միջև չի եղել, չկա և չի լինելու որևէ խոչընդոտ, որը ստվեր նետի հայ-ուկրաինական բարեկամության վրա»
«Հայ-ուկրաինական հարաբերությունները վեր են տարաբնույթ քաղաքական գնահատականներից, այդ հարաբերություններն ունեն երկարամյա և հարյուրավոր տարիների պատմություն», ուկրաինացի գրող Տ. Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք ուկրաինացի մեծ գրող, հրապարակախոս, գործիչ, բանաստեղծ Շևչենկոյի անվան դպրոց: Այս դպրոցի առկայությունը և մեր այսօրվա միջոցառումն ու տոնակատարությունը վկայություն են այն բանի, որ հայ-ուկրաինական հարաբերություններին իրականում ոչինչ չի պառնում: Այդ հարաբերությունները լոկ անցյալ չեն, ոչ էլ այսօրվա մի քիչ մառախլապատ քաղաքական ներկան: Այդ հարաբերություններն իրականում ապագա են, որովհետև որքան էլ քաղաքական տարաբնույթ գնահատականներ և խնդիրներ առաջանան, այնուամենայնիվ, մեր ժողովուրդների միջև երբեք չի եղել, չկա և չի լինելու որևէ խոչընդոտ, որը ստվեր նետի հայ-ուկրաինական բարեկամության վրա»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը նկատեց, որ Ուկրաինայի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարեկեցության, ու մաղթեց, որ այդ խաղաղությանն ու բարեկեցությանը հասնի օր առաջ:
Նա հավելեց, որ այս տարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայատարարված է Շևչենկոյի ծննդյան տարի, իսկ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հոբելյանական միջոցառումներն իրականացվել են և իրականացվելու են:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու առաջին հերթին ՀՀ Կրթության ու գիտության նախարարությանն այն ուշադրության ու օգնության համար, որը հատկացվում է Տարաս Շևչենկոյի անվան այս դպրոցին»,- միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանի ներկայացուցիչ Իգոր Ռոմանը:
Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչը Հայաստանում իր երկրի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի անունից շնորհակալություն հայտնեց. «Դեսպան Իվան Կուխտան հիմա գործուղման մեջ է Կիևում, ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Ուկրաինայի դեսպանությունը Հայաստանում ամեն կերպ աջակցելու է այս դասարանի գործունեությանն ու հնարավորինս շատ աջակցելու է, որ դասարանը համալրվի Շևչենկոյի վերաբերյալ նոր նյութերով: Նման միջոցառումն ու դասարանի բացումը մեծ ներդրում է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման մեջ»:
Դեսպանատան ներկայացուցիչը նաև համոզմունք հայտնեց, որ «մեր սերունդները կմեծանան այն իդեալներով, որոնք ուներ Տարաս Շևչենկոն: Նրանք միշտ կհիշեն այն ընկերության մասին, որը կապում է մեր երկու եղբայրական ժողովուրդներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները