«Tax Free»՝ կանխիկ Կոնվերս Բանկում
«Tax Free» համակարգի Հայաստանի խանութներից 2014թ.-ի մայիսի 17-ից ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն Կոնվերս Բանկում կարելի է ստանալ կանխիկ:
Կոնվերս Բանկն առաջինն ու դեռևս միակ բանկն է Հայաստանում, որտեղ «Tax Free» համակարգով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վերադարձվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը կարելի է ստանալ կանխիկ: Այս մասին տեղեկացնում են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից:
Օտարերկյա քաղաքացիները, գնումներ կատարելով Tax Free խանութներից, դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում ապրանքների ԱԱՀ-ն կանխիկ կարող են ստանալ Երևանի և Գյումրիի օդանավակայաններում գտնվող Կոնվերս Բանկի «Զվարթնոց օդանավակայան» և «Շիրակ» մասնաճյուղերից:
«Կոնվերս Բանկը կարևորում է օտարերկյա քաղաքացիների կողմից Հայաստանում կատարված գնումների ծավալի մեծացումը: Համակարգն արդեն գործում է աշխարհի շատ երկրներում, և մենք հպարտ ենք լինել հայաստանյան բանկերից առաջինն ու դեռևս միակը, որտեղ կարելի է ստանալ ԱԱՀ-ն կանխիկ», - ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
ԱԱՀ-ն ստանալու համար օտարերկրյա անձը պետք է խանութում լրացնի հատուկ փաստաթուղթ, որը, ՀՀ մաքսային մարմնի կողմից կնքված և «Ենթակա է վերադարձման» գրառումով, անձնագրի, ապրանքի գնման անդորրագրի կամ ՀԴՄ կտրոնի և նստեցման կտրոնի հետ միասին հարկավոր է ներկայացնել Կոնվերս Բանկի «Զվարթնոց օդանավակայան» կամ «Շիրակ» մասնաճյուղեր:
Հիշեցնենք, որ «Tax free» համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ի մարտի 1-ից՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ.-ի դեկտեմբերի 12-ի թիվ 1403-Ն որոշման: