Թուրք հաքերները սպառնացել են հայերին
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) պարբերականի էլեկտրոնային կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Կայքը կոտրելուց հետո հաքերները տեղադրել են Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծադիր լուսանկարը, գրել ռասիստական արտահայտություններ այլոց և գովեստի խոսքեր Էրդողանի հասցեին:
«Մենք շատ ենք տեսել ձեզ պես դավաճանների: Գիտենք ձեր արածներն ու անելիքները: Բայց սրանից հետո մենք ենք լինելու: Օսմանյան մեծ պետությունը առաջնորդ Էրդողանի հետ միասին վերածնվում է: Այս ձայնը օսմանցու ըմբոստ ձայնն է. ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ԱՄՆ-ի, ընդդեմ Իսրայելի: Քոքներդ չորացնելու ենք»,- նշված է հաքերեների կողմից կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հաքերներն իրենց թիրախում առել են նաև «Ակոս»-ի հիմնադիր խմբագրապետ լուսահոգի Հրանտ Դինքին:
«Ոմանք դեռ Հրանտ Դի՞նք են ասում: Մի մոռացեք` աշխարհում եթե անգամ մի թուրք էլ մնա, ձեզ հետապնդելու է»:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ «Ակոս»-ի վրա կատարված այս հարձակումը որակում է որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իրականացված գրոհ: