Հայփոստը թողարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հինգ նամականիշ (լուսանկարներ)
Շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում թողարկված հինգ նամականիշ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից:
Նամականիշների պատրաստմանն իր աջակցությունն է բերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` տրամադրելով բացառիկ լուսանկարներ:
Նամականիշներից մեկը նվիրված է դանիացի միսիոներներ, մեծ մարդասերներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին:
Մյուս նամականիշների վրա պատկերված են 2012թ. Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի, 2003թ. Փարիզում կանգնեցված Կոմիտասի արձանի, հայ պատմաբան, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների հեղինակ Ջոն Կիրակոսյանի և 1975թ. Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի լուսանկարները: