Բարաք Օբամա. Ադրբեջանում ՀԿ-ների առջև ստեղծվում են չլսված խոչընդոտներ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը Միացյալ Նահանգների ազգային շահերի հիմնարար սկզբունքներն են և, որ միայն այդ սկզբունքներով առաջնորդվող պետությունները կարող են հավակնել Միացյալ Նահանգների բարեկամ երկիր կոչվելուն: Այս մասին նախագահ Օբաման հայտարարել է Քլինթոնյան գլոբալ նախաձեռնություններ ամենամյա նստաշրջանին, որտեղ քննարկվում են քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Նախագահի ելույթի տեքստը զետեղված է Սպիտակ Տան կայքէջում:
«Այն երկրները, որոնք հարգում են մարդու իրավունքները, ազատությունը, նրանք դառնում են ԱՄՆ-ի ամենամերձ դաշնակիցները: Դա պատահական չէ: Մինչդեռ, պետությունները, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, այդ հասարակություններում ատելության ու անարդարության զգացում է ծնվում, որն էլ արդյունքում կարող է բերել անկայունության և ծայրահեղականության»,- հայտարարել է Օբաման, ընդգծելով, թե քաղաքացիական հասարակության աջակցությունն աշխարհով մեկ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարց է:
«Մենք տեսնում ենք դաժան հարձակումներ սկսած Ռուսաստանից մինչև Չինաստան և Վենեսուելա, որտեղ կառավարությունները իրենց մոտեցումներից տարբերվող կարծիքները համարում են պետական դավաճանություն: Այնպիսի վայրեր, ինչպես օրինակ Ադրբեջանն է, օրենքները ՀԿ-ների նույնիսկ գործունեության համար չլսված խոչընդոտներ են ստեղծում: Հունգարիայից մինչև Եգիպտոս անվերջ կարգավորումներն ու քողարկված ահաբեկումները օր օրի թիրախավորում են քաղաքացիական հասարակությանը: Իսկ խիզախ կանայք ու տղամարդիկ, ովքեր հանդգնում են ձայն բարձրացնել, շարունակում են աշխարհով մեկ խոշտանգվել, հարձակման ենթարկվել ու նույնիսկ սպանվել»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Օբամայի կարծիքով, նման հարձակումների գործադրմամբ, կառավարությունները խաթարում են հասարակության զարգացումը, զրկում նրան ազատությունից ու բարեկեցությունից: Բարաք Օբաման ընդգծել է, թե քաղաքացիական հասարակության հանդեպ իրականացվող ճնշումներն աշխարհում ոչ այլ ինչ է, քան հարձակում ժողովրդավարության վրա: