Եվրազեսը դադարեցնում է իր գործունեությունը
Մինսկում Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է Եվրազեսի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Եվրազեսը լիարժեք կատարել է իր դերը, անցել ինտեգրացիոն շինարարության մեծ և բարդ ճանապարհ:
«Ամենակարևորն այն է, որ Եվրազեսը հիմք է հանդիսացել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության ստեղծման համար, որոնք, իրենց հերթին, հիմք են հանդիսացել ապագա Եվրասիական տնտեսական միության համար: Հետևաբար մեր համագործակցության ձևաչափի փոփոխության այսօրվա որոշումը հետխորհրդային տարածքում ժամանակակից ինտեգրացիոն միտումների համարժեք արտացոլումն է»,- ասել է Լուկաշենկոն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ Եվրազեսը կատարել է կարևորագույն առաքելություն՝ ապահովելով եվրասիական ինտեգրացիայի աստիճանական զարգացումը: Ըստ Պուտինի՝ ընկերակցությունում ձևավորվել է բազմակողմ համագործակցության սոլիդ իրավա-պայմանագրային բազա:
«Եվրազեսի հարուստ ժառանգությունից ոչինչ չպետք է կորսվի: Կշարունակվի ընկերակցությունում ստորագրված պայմանագրերի և այլ փաստաթղթերի մեծ մասի իրականացումը: Կարևոր է նաև պրակտիկ փորձը՝ կուտակված Եվրազեսի ղեկավարող կառույցների կողմից: Այն անհրաժեշտ է կիրառել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքում»,- նշել է Պուտինը:
Եվրասիական տնտեսական ընկերակցությունը 2015թ.-ի հունվարի մեկից կդադարեցնի իր գործունեությունը՝ պայմանավորված ավելի բարձր ինտեգրացիոն միավորման՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծմամբ: Եվրազեսի անդամ պետություններն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Ղրղզստանն ու Տաջիկստանը ցանկություն են հայտնել ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը: