
Արսեն Քարամյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ
2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Խորհրդի նիստին մասնակցում էին 24 անդամներից 23-ը, ովքեր առաջադրեցին և միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին:
Իր ելույթում Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար և համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։ «Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտում, պետք է շարունակվեն, բայց միևնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձևավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության և դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ և ստեղծել գիտելիքահենք հասարակություն»,- նշեց Ա. Քարամյանը:
Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը, և խորհրդի նորընտիր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը:
Իր ելույթի ավարտին Ա. Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար:
Շնորհավորելով խորհրդի նորընտիր նախագահին՝ ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշեց, որ ուրախ է այդ պաշտոնում տեսնել Արսեն Քարամյանին, ում համալսարանական կենսագրությունը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ նա լավատեղյակ է բարձրագույն կրթության բնագավառի մարտահրավերներին և լիարժեք պատկերացնում է բուհական կրթության արդիականացման հիմնախնդիրներն ու այդ ոլորտում առկա անելիքները:
Լրահոս
Տեսանյութեր





