Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա խորհրդանշական համերգով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ մարտի 20-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մի շատ խորհրդանշական համերգով՝ նշանավորելով նվագախմբի առաջին համերգը՝ կայացած 1925թ-ին նույն օրը՝ մարտի 20-ին: Ֆիլհարմոնիկի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արշակ Ադամյանի ղեկավարությամբ 90 տարի առաջ մարտի 20-ին՝ երեկոյան ժամը 8:30-ին (ուրբաթ օր) Պետթատրոնում (ներկայիս՝ Գ. Սունդուկյանի անվ. թատրոն) տեղի ունեցած Կոնսերվատորիայի օրկեստրի առաջին սիմֆոնիկ այդ համերգին կատարվել են Մոցարտի, Գրիգի, Էկլեսի, Ռոսսինիի և Մենդելսոնի ստեղծագործություններից: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը:
Այս ուրբաթ օրը սպասվող հոբելյանական համերգին կհնչեն Մոցարտի թիվ 39 և Բրուքների թիվ 4 մեծակտավ սիմֆոնիաները: Ինչպես տարեսկզբից ի վեր կայացած բոլոր համերգները, այս մեկը նույնպես կկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Հատկանշական է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ ժողովրդի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշներից մեկն է՝ հիմնադրված լինելով ցեղասպանությունից 10 տարի անց և լուսավորելով մեր ժողովրդի անցած դժվարին ուղին 90-ամյա իր անընդմեջ գործունեությամբ:
Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն ունի Filharmonik անունով բջջային հավելված iOS և Android համակարգերի համար: Հավելվածը ամենահարմար միջոցն է հետևելու նվագախմբի գործունեությանը. այն հնարավորություն է տալիս ստանալու տեղեկատվություն ամենշաբաթյա համերգների, ամենամսյա լրատուների, պաստառների, մենակատարների, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի և այլնի մասին: Հնարավոր է լսել երաժշտություն և դիտել տեսանյութեր; կարդալ նվագախմբի պատմությունը՝ հիմնադրման 1925թ-ից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ