Բունդեսթագի պատգամավորն` Արցախի ընտրությունների մասին. Տպավորված եմ ժողովրդավարական գործընթացներով
Տպավորված եմ ժողովրդավարական այն մոտեցմամբ, որը կա հայկական երկրորդ հանրապետությունում: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի Բունդեսթագի քրիստոնա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերն, ով Արցախում է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով:
«Շատ լավ է, որ ընթանում են նման ընտրություններ սակայն պետք է փաստեմ, որ միայն ժողովրդավարական ընտրություններով պայմանավորված չէ Արցախի միջազգային ճանաչումը»,- ասաց գերմանացի պատգամավորը` բացատրելով, որ ճանաչումը պայմանավորված է այլ պետությունների հետ համագործակցությամբ:
«Պետք է բազմաթիվ բանակցություններ ընթանան այլ երկրների և հատկապես հարևան երկրների հետ: Դա, իհարկե, դժվար հարց է, սակայն շատ անհրաժեշտ»,- ասաց Վայլերը:
Վայլերն Արցախ է ժամանել երկրորդ անգամ և նոխորդ այցելության համեմատ, ըստ նրա, բազմաթիվ դրական փոփոխություններ կան:
«Կան նոր շինություններ և զգացվում է, որ երկիրը գնում է զարգացման ճանապարհով»,- ասաց պատգամավորը:
Նախօրեին Բունդեսթագի պատգամավորը նաև հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ.
«Մեր առանձնազրույցի ընթացքում ես տեղեկացրել եմ, որ մայիսի 20-ին կկայանա հայ-գերմանական ֆորում, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը և նաև այս ընտրությունների արդյունքները»,- ասաց նա:
Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ ուշադրությամբ հետևում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին ու խիստ մտահոգված է սահմանային միջադեպերով.
«Հետևում եմ, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում սահմանին: Աչալրջությամբ հետևել եմ խոցված ուղղաթիռի պատմության զարգացումներին: Բացասական եմ գնահատում սահմանային միաջեդեպերն ու կարծում եմ, որ մենք ինչ-որ կերպ պետք է օգնենք և մեր աջակցությունը տրամադրենք, որպեսզի սահմանային լարվածությունը նվազի»,- ասաց Ալբերտ Վայլերը:
Նշենք, որ այսօր անցկացվող՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, ինչպես նաև Հայաստանից։