Ադրբեջանն օգտվում է իրավիճակից և բացասական տեղեկատվություն լցնում Հայաստանում տիրող վիճակի մասին
Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից. ոստիկանության օպերացիայից հետո փորձում էին մեծ քանակի բացասական տեղեկատվություն լցնել` Հայաստանում տիրող իրավիճակի մասին,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հիմնականում թվիթերով տարածվում է տեղեկատվական աղբ, թե ինչքան լավ է իրավիճակը Ադրբեջանում և ինչքան վատ՝ Հայաստանում: Ադրբեջանցիները ներկայացնում են Բաքվի խաղերն ու Հայաստանի այս օրերի իրադարձությունները, նաև նկարների միջոցով»,-հայտնեց փորձագետը:
Նշեց, որ սա ստանդարտ տարբերակ է, և ադրբեջանցիները միշտ էլ այստեղ տիրող յուրաքանչյուր իրավիճակից փորձել են օգտվել:
Ս. Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ թվիթերում արդեն երրորդ օրն է ձևավորվել է հեշթեգ «էլեկտրիկերևան», որով հիմնականում գրառումները կատարվում են Ռուսաստանից և Ուկրաինայից. «Ձևավորվել է յուրահատուկ միջավայր: Ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում մայդանային իրավիճակ է»:
Նրա խոսքերով, Ռուսաստանից թվիթերում այնպես է ներկայացվում իրավիճակը, որ մայդան է գնում, որի ֆինանսավորողները և կազմակերպիչները Ամերիկայից են. «Այս ամենը շատ նման է «սեյվ Քեսաբ»-ին: Ստեղծվում է կեղծ իրականություն: Ինձ թվում է այդ գրառումները կատարողները, բլոգերները շատ լավ գիտակցում են, որ ոչ մի մայդան էլ չկա ու չի լինի այստեղ»:
Ինչ վերաբերում է տեղի լրատվամիջոցներին՝ բանախոսը նշեց, որ տեղի մամուլը ուղղակի թերանում է ապահովել համապատասխան ռուսական և անգլիական հոսքեր:
«Թվիթերում թոփ գրառումները այս իրադարձությունների մասին ոչ թե Հայաստանից են, այլ Ռուսաստանից և Ուկրաինայից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ խոսում է հիմնականում թվիթերից, քանի որ թվիթերը նաև տեղեկատվական հոսքեր ամենաշատ ապահովողն է:
Անդրադառնալով այս օրերին լրագրողների դեմ գործողություններին նա կարծիք հայտնեց, որ դրանք շատ լուրջ ազդեցություն ունեցան նաև լրատվական հոսքերի վրա. «Փաստացի ամբողջ աշխարհն իմացավ, որ ոստիկանությունը թիրախավորված հարձակվել է լրագրողների վրա: Ինչը, բնականաբար, ակնհայտորեն ազդելու է Հայաստանի վարկանիշի վրա»:
Ամփոփելով խոսքը՝ փորձագետը նշեց, որ նախօրեին ոչ թե կոտրել են ոստիկանության պաշտոնական կայքը, այլ ուղղակի եղել է արգելափակում՝ DDOS հարձակում. «Նման հարձակում մոտ մեկ ժամ եղել է նաև Էներգետիկայի նախարարության կայքին, սակայն այդ կայքն այդքան էլ հետաքրքրություն չի ներկայացել հասարակությանը, դրա համար այդ մասին չխոսվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին