Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Գործարար Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը և հեռացել Լեռնային Ղարաբաղ: Բայց մեկնելուց առաջ վաճառել է իր ունեցած նախիրը և ավտոմեքենաները, գրում է BBC-ն վկայակոչելով ձեռնարկատիրոջ փաստաբան Արթուր Հայրապետովին:
Վերջինը լրատվամիջոցին կասկածներ է հայտնել, թե Ստերլիգովը, հավանաբար, Ռուսաստանը լքել է հայտնի «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» (БОРН) հետ կապված դատական գործի պատճառով, որի մասին վերջերս մամուլում տեղեկություններ էին շրջանառվում:
Ստերլիգովը, որը համարվում է ռուս միլիոնատերներից մեկը, դեռ 2004-ին Մոսկվայից հեռացել էր ու ընտանիքի հետ հաստատվել Մոժայսի շրջանում, որտեղ էլ տնտեսություն հիմնել:
BBC-ի փոխանցմամբ, մի քանի օր առաջ սոցիալական ցանցի գործարարի էջում տեղադրվել է Ստեռլիգովի փայտյա տան լուսանկարը, որում գրված է եղել. «Սլոբոդայի թարմ լուսանկարներ հուրախություն Ռուսաստանի թշնամիների: Վաղ եք ուրախանում, կգա օրը, և մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով և որդիներ»:
Ստեռլիգովի օգնական Պոլինա Սիրոտան հայտարարել է, որ գործարարը ստիպված է եղել լքել երկիրը:
«Նրան հեռանալ ստիպել են բավական լուրջ հանգամանքներ: Ոչ, դրանք ավազակները չեն, ոչ, այլ մի մակարդակ ավել», -ասել է նա՝ ընդգծելով, որ Ստերլիգովը մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
Նրա խոսքով, Ստերլիգովը մեկնել է 3 շաբաթ առաջ: