Իրանը համաձայնվել է իր օդային տարածքը տրամադրել Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռներին
«Իրանը համաձայնվել է իր օդային տարածքը տրամադրել Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռներին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանում ՌԴ դեսպանության մամլո խոսնակ Մաքսիմ Սուսուլևը տեղեկացրել է, որ Իրանը համաձայնվել է իր օդային տարածքը տրամադրել ռուսական ինքնաթիռներին, որոնք մարդասիրական օգնություն են տեղափոխում Սիրիա:
«Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում են Սիրիա ռազմամթերք տեղափոխելու և այնտեղ ռազմաբազա կառուցելու մեջ, այդ պատճառով էլ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին հորդորել է տարածք չտրամադրել ռուսական ինքնաթիռներին»,- նշում է իրանական աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ պաշտոնապես արգելում է իր օդային տարածքը տրամադրել Ռուսաստանի ինքնաթիռներին:
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիային Իրանի և Ռուսաստանի ցուցաբերած աջակցությանը, մասնավորապես նշել է. «Եթե Իրանն ու ՌԴ-ն չլինեին, Բաշար ալ-Ասադի իշխանությունը 24 ժամվա ընթացքում կտապալվեր»:
Էրդողանը հայտարարել էր, որ Եվրոպայում փախստականների ընդունման շուրջ ծագած ճգնաժամի պատասխանատուն Իրանն ու Ռուսաստանն են: