Հողմրցյան. Թուրքերը ապօրինի հատելով Վրաստանի սահմանը Կարծախ գյուղից գողացել են 34 անասուն
Սեպտեմբերի 12-ի լույս 13 գիշերը թուրքերն ապօրինի հատել են վրաց-թուրքական սահմանը ու Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից գողացել 34 անասուն, որից մեկը հետ է վերադարձել գյուղ: Այս մասին գրում է akhaltskha.net կայքը:
Կարծախի գյուղապետ Ատոմ Հողմրցյանը լրատվամիջոցին հայտնել է, որ թուրքերը գիշերով են հատել սահմանը և 34 անասուն գողացել: Նրա խոսքերով, իրավապահները գյուղացիների հետ միասին հավաքվել են և գնացել անասունների ոտնահետքերով ևհամոզվել, որ գողացողները հենց Թուրքիայի սահմանից են անցել:
«Ներկա պահին տվյալ հարցով զբաղվում են իրավապահները և սահմանապահները: Թուրքերը խոստացել են, որ վաղը սահման են գալու Արդահանի մարզպետարանի ղեկավարները և հանդիպելու ու խոսելու են կատարվածի շուրջ: Կարծախի ժողովուրդը բավականին մտահոգված է կատարվածով, քանզի դեպքը կարող է կրկնվել ու անասունից բացի կարող են մարդկանց թալանել և այլ վնաս հասցնել: Այդ իսկ պատճառով ժողովուրդն այսօր հավաքվեց և ստիպեց դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները մեր հատվածում, որտեղ աշխատում են ադրբեջանցիները»,- ասել է Ատոմ Հողմրցյանը:
Ըստ աղբյուրի, նման դեպք առաջին անգամ է տեղի ունենում Կարծախ գյուղում: Ժողովրդի որոշմամբ, աշխատանքները չեն սկսվելու մինչև չհայտնաբերեն անասունները գողացողներին: Մարդիկ համոզված են, որ գողությունը տեղի չէր ունենա առանց տեղացիների օգնության, իսկ երկաթգծի շինարարության վայրում 24 ժամ շարժ կա: