Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 3 կետով
Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «2015-2016 համաշխարհային մրցունակության մասին զեկույցում» (ՄՀԶ) Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը` 140 երկրի շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 144 երկրի շարքում զբաղեցրել էր 85-րդ տեղը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը` ներկայացնելով զեկույցի հիմնական արդյունքները:
Նրա խոսքերով` Հայաստանը 5 կետով առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական միջավայր/կայունություն, 4 կետով՝ առողջապահություն և տարրական կրթություն, 3 կետով՝ բարձրագույն կրթություն և վերապատրաստում, 14 կետով՝ ապրանքների շուկայի արդյունավետություն, 16 կետով՝ աշխատուժի շուկայի արդյունավետություն և 3 կետով՝ ֆինանսական շուկայի զարգացվածություն հենասյուներում:
Մինչդեռ վատթարացել են ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության, գործարարության կատարելագործվածության և նորարարության հենասյուների ցուցանիշները: Մասնավորապես, 4 կետով հետընթաց է գրանցվել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության, ինչպես նաև գործազրկության կատարելագործվածության հենասյուներում, իսկ նորարարության ցուցանիշում՝ 3 կետով:
Մ.Հերգնյանը նշեց նաև, որ նոր բիզնես սկսելու հետ կապված գործընթացների և ժամկետների բնագավառը հաստատուն կերպով ներկայանում է Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր դրույքը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։ Մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, մարքեթինգի օգտագործումը, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը):
Նշենք, որ զեկույցը գնահատել է 140 տնտեսությունների մրցունակությունը։
Զեկույցի համաձայն` առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Գերմանիան և Նիդերլանդները: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են արձանագրել Տաջիկստանը (11 կետով), Ղազախստանը (8 կետով) և Ռուսաստանը (8 կետով):