«Այբ»-ի աշակերտների ստեղծած ական փնտրող ռոբոտը ՊՆ-ի կողմից մրցանակի է արժանացել (լուսանկարներ)
Ֆաբլաբը կոչված է երեխաների ստեղծագործական միտքը բացահայտելու համար: Այս մասին այսօր Հայաստանում առաջին ֆաբկաբերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:
Նշենք, որ առաջին երկու ֆաբլաբերը բացվեցին «Այբ» կրթական ավանում և Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆաբլաբն արհեստանոց-լաբորատորիա է՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով, որոնք հնարավորութոյւն են տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում և արտադրելու «գրեթե ամեն ինչի» ձևանմուշ:
Ֆաբլաբերի հիմնումը Հայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական:
«Մեր աշակերտները բազմազան ռոբոտներ են ստեղծում այդպիսի լաբորատորիաներում: Օրինակ ծաղիկ ջրող ռոբոտ են սարքել, որ ստուգում է հողի խոնավությունը և երբ որ պետք է ջրել ջրում է, կամ խոտհնձող ռոբոտ, որը հնձելու ժամանակ տարբերակում է ծաղիկը խոտից»,-նշեց Դավիթ Սահակյանը:
Նա, սակայն, ընդգծեց, որ իրենք երեխաների առջև չենք դնում միայն կիրառական ռոբոտների ստեղծման խնդիր. «Մենք չենք սահամանափակում երեխաների մտքի թռիչքը: Պետք է թույլ տանք, որ նրանք ստեղագործեն: Մի բանը կստացվի, մի բանը չի ստացվի, բայց ուսումնական պրոցեսի մեջ նույնիսկ չստացված արդյունքը ևս կրթող է»:
11-րդ դասարանցի Աստղիկ Ղազարյանը ներկայացրեց իրենց պատրաստած ռոբոտներից մեկը՝ ական փնտրող ռոբոտը, որ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է մրցանակի:
«Այս ռոբոտը մրցույթում արժանացել է նաև լավագույն ինժեներական լուծում անվանակարգի: Այն բաց դաշտում կարողանում է գտնել ականներ և ստեղծել նրանց էլեկտրոնային քարտեզը»,-պատմեց Աստղիկը՝ հավելելով, որ իրենք ստեղծել են նաև հրշեջ և սև գծերը սպիտակից տարբերող ռոբոտներ:
Նախորդող հրապարակում՝
Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում առաջին ֆաբլաբերի բացմանը