Մոգերինի. Սիրայի հարցով ՌԴ-ն կարող է առանցքային խաղացող դառնալ
Սիրիական խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է առանցքային խաղացող դառնալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին՝ Եվրահանձնաժողովի նստաշրջանի բացման ժամանակ: Հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Ռուսաստանի դերը կարող է արտակարգ կարևորության լինել: Մենք բոլորս և Ռուսաստանը համաձայն ենք, որ ՄԱԿ հովանու ներքո ընթացող գործընթացում պետք է ավելի շատ ջանք գործադրենք: Այդ իսկ պատճառով էլ նախօրեին Մոսկվայում կայացած բանակցությունները շատ կարևոր են այդ առումով»,-նշել է Մոգերինին:
Մոգերինին ընդգծել է, որ Ռուսաստանը առանցքային դերակատարում կարող է ստանալ՝ սիրիական ռեժիմին քաղաքական կարգավորման հարթակ և բանակցային գործընթաց բերելու համար: Մոգերինին նաև Իրանի դերակատարությունն է կարևորել:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ եթե սիրիական հարցում ցանկություն կա առաջընթաց արձանագրելու, ապա գործընթացում պետք է ներառել այն ուժերին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա:
«Դժվար է պատկերացնել, որ Ասադը Սիրիայի ապագայի մաս կկազմի, բայց եթե պետք է քաղաքական կարգավորման գործընթաց սկսել, ապա բոլորին պետք է բանակցությունների սեղանի շուրջ հրավիրել»,- նշել է Մոգերինին: