Պետդեպի «Կրոնական ազատությունների զեկույց»-ը անդրադարձել է Հայաստանին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Կրոնական ազատություններ 2014» զեկույցը , որում անդրադարձ է կատարված նաև Հայաստանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:
Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես՝ զեկույցի հեղինակները նկատում են, որ «Եհովայի վկաներ»-ը բարձր են գնահատել այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը, իսկ մի շարք կրոնական կազմակերպություններ էլ հաղորդել են Հայ առաքելական եկեղեցու հետ իրենց հարաբերությունների բարելավման մասին:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի բնակչության մոտ 92 տոկոսը իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Բնակչության մոտ 5 տոկոսն էլ իրենց համարում են տարբեր կրոնական կազմակերպությունների հետևորդներ, ինչպես օրինակ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, Մխիթարյան միաբանության հետևորդներ, ուղղափառ քրիստոնյաներ, Ավետարանչական եկեղեցու հետևորդներ, մոլոկաններ և այլն:
Զեկույցում հեղինակները ընդգծում են, որ ՀՀ սահմանադրությունն երաշխավորում է խղճի և դավանանքի ազատությունը և ապահովում եկեղեցու ու պետության տարանջատվածության գաղափարը:
Խնդրահարույց թեմաներից հեղինակները նշում են, որ մամուլի որոշ հրապարակումներում կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ դիտարկվում են որպես աղանդավորներ: Այդուհանդերձ, հեղինակները նաև նկատում են, որ որոշ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ փաստում են, որ նախորդ տարիների համեմատ լրագրողները սկսել են ավելի օբյեկտիվ լուսաբանել իրենց կրոնական կառույցների գործունեությունը:
Հեղինակները հավելում են, որ թեև կրթական համակարգում Հայ առաքելական եկեղեցու պատմությանը հատկացվող կարևոր դերակատարմանը, հանրային կրթությունը Հայաստանում իրականացվում է ամբողջովին աշխարհիկության սկզբունքի հիման վրա: