ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են փախստականների և մուտքի արտոնագրերի հարցերով
Եվրոպական Միությունն ու Թուրքիան սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Եվրոպայում փախստականների հարցի լուծմանն ուղղված համատեղ գործողությունների պլանի շուրջ: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, այսօր առավոտյան հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը` Բրյուսելում մոտ ութ ժամ տևած ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների խորհրդաժողովից հետո:
Մասնավորապես որոշվել է արագացնել բանակցությունները Թուրքիայի քաղաքացիներին տրամադրվող վիզայի հեշտացման շուրջ: Սակայն, ինչպես նշել է Յունկերը, դա կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ կկարողանա Թուրքիայի կառավարությունը կասեցնել փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Ընդ որում, որևէ չափանիշներ այս հարցում չեն սահմանվել:
Թուրքիան նաև խնդրել է ԵՄ-ին իրեն 3 մլրդ եվրոյի օգնություն տրամադրել, ինչը, ըստ Յունկերի, առաջիկայում կքննարկվի կողմերի միջև: