Նուլանդը ՌԴ-ին մեղադրել է Սիրիայում հրետանի կիրառելու պատրաստակամության մեջ
Ռուսաստանը ձեռնամուխ է լինում հրետանի կիրառել Սիրիայում: Այս մասին BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը:
Նրա խոսքով, Ռուսաստանը Սիրիայի Հոմսի և Համա շրջաններում տեղակայում է հրետանի և այլ տեսակի ցամաքային սպառազինություն: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունների համար Սիրիայում կատարած գործողությունները մեկ օրում արժենում են 2-4 միլիոն դոլլար:
Նուլանդը կոչ է արել Ռուսաստանին համագործակցել ԱՄՆ-ի հետ: Նրա կարծիքով, Մոսկվան պետք է նպաստի Սիրիայում խաղաղության հաստատմանը և իշխանափոխությանը: Եվ դրա համար, ըստ Նուլանդի, ռուսական օդուժը պետք է հրաժարվի սիրիական ապստամբների դիրքերը ռմբակոծելուց:
Նուլանդի բերած տվյալների համաձայն, ռուսական օդուժի հասցրած օդային հարվածների 80-90%-ը հասել է սիրիական ընդդիմության դիրքերին:
ԱՄՆ-ը նախկինում էլ էր Ռուսաստանին մեղադրում Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի իշխանությունը պաշտպանելու, վերջինիս հրաժարականը պահանջող ապստամբների գնդակոծման մեջ: Սակայն Մոսկվան պնդում է, որ իր կողմից օդային հարվածներ հասցվում են միմիայն «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին և պատրաստ է համագործակցել սիրիական ընդդիմության հետ: Նկատենք, որ ռուսական օդուժը Սիրիայում գործողություններ է կիրառում սեպտեմբերի վերջից: Ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ցամաքային ռազմական գործողություններ կիրառելու պատրաստակամություն չունեն: