Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումով պետք է պայքարել կլիմայի փոփոխության դեմ. Ս. Պապյան
«Համաշխարհային հանրության անբաժան մասը կազմելով՝ կլիմայի փոփոխության խնդրի դեմ պայքարի ճանապարհն այսօր մենք պետք է անցնենք դրա դեմ պայքարող երկրների հետ միասին»: Այս մասին «ԴԵՊԻ ՓԱՐԻԶ` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 21-րդ նստաշրջանի նախաշեմին» կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Նա նշեց, որ կլիմայի փոփոխության պայքարի դեմ առաջնային նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է. «Մեզ մոտ այստեղ լուրջ դերակատարում պետք է ունենան ՏԻՄ-երը, որոնք ամենամեծ աջակցությունը կարող են ցուցաբերել»:
Փոխնախարարը հիշեցրեց, որ կլիմայի փոփոխության պայքարի հարցում Հայաստանը պետական մակարդակով ներկայացրել է իր դիրքորոշումը՝ կառավարության սեպտեմբերի 10-ի N41 որոշմամբ: Այն ներկայացվել է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը:
Նշենք, որ այսօրվա կոնֆերանսը նպատակաուղղված էր Փարիզում կայանալիք Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի խնդիրների լուսաբանմանն ու կոնվենցիայի դրույթների իրականացման Հայաստանի ապագա անելիքների քննարկմանը:
Կոնֆերանսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության խորհրդական Ժան-Միշել Կասբարեանն էլ շեշտեց, որ կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում մարդկային գործողությունների հետևանքով և անհրաժեշտ է միասին գտնել լուծումներ:
Միջոցառման կազմակերպիչները տեղեկացրեցին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարին, որպես մարդասիրական ամենամեծ կազմակերպություն, միացել է նաև ՀՀ-ում Կարմիր խաչի գրասենյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին